Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զատկին թույլ տան տեսակցության, բայց մինչ այս րոպեն խնդրիս պատասխանը չունեմ, չնայած հուսով եմ...

Շատ ուրախ եմ, որ Անանիան կգա զատկից հետո (եթե միայն խոսքի տերը լինի և գա, բացի այդ, եթե եղբոր հիվանդությունը նրան այնտեղ չպահի)։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ ուրախանում, չէ որ միևնույնն է՝ այստեղ է նա, թե Մոսկվայում՝ ես նրան չեմ տեսնում, բայց այստեղ, այնուամենայնիվ, կարծես ինձ մոտիկ է, և, ինչպես ինքն է քո նամակում ասում, կարելի է «արձագանքել»։

Ծխախոտը բոլորովին այն չէ, ինչ որ դեկտեմբերին ուղարկել էիր, դրա համար էլ ետ եմ վերադարձնում, որովհետև ծխել բոլորովին չեմ կարողանում։ Նախավերջին ֆունտը, չնայած շատ մանր էր կտրած, բայց ավելի լավն էր, քան սա, ուստի, եթե դեկտեմբերին ուղարկածիցդ չի կարելի ճարել, ապա եկող շաբաթ կուղարկես մի ֆունտ՝ մի քանի օր սրանից առաջ ուղարկածիցդ, բայց միայն եթե կարելի է, հոգատար, որպեսզի այդքան մանր չկտրեն։ Կարելի է ուղղակի ասել, որ ¼-ը ամբողջապես փոշի է, և ես պետք է փոշին առանձնացնեի, որովհետև խառնած հավասար չի ծխվում։ Չնայած այդ ծխախոտն ավելի թունդ է, բայց, համենայն դեպս, կոկորդդ ու քիթդ մրի նման չի ծածկում։ Առայժմ ուրիշ ոչինչ չունեմ գրելու։ Սպասում եմ զատկին և քեզ հետ տեսակցելուն, բայց հազիվ թե, եթե նույնիսկ թույլատրեն, հաջողվի առաջին օրը. գուցե երկուշաբթի։ Բացի այդ, քեզ որոշակի ոչինչ չեմ կարող ասել, մանավանդ որ, իմ խնդրի պատասխանը դեռևս չունեմ։ Խնդրում եմ անկեղծ հարգանքս հաղորդեք նորին գերազանցություն Ս. Գ. Սուլթան-Շահին և երկսեռ բոլոր բարեկամներիս։ Հովհաննես եղբորս համբույրին պատասխանում եմ համբույրով։ Այժմ, տոների առթիվ, երևի մեր հորեղբորորդի Սաշան արդեն տանն է, ողջունիր նրան և ասա, որպեսզի իր շան բնի մասին հոգա, թե չէ շունը կսատկի։ Այս նամակն այսօր կպահեմ ինձ մոտ, կարելի է երեկոյան ժամը 10-ին քեզանից կստանամ ամսիս 27-ի նամակիս պատասխանն էլ, այն ժամանակ, հարկ եղած դեպքում, կավելացնեմ անհրաժեշտը՝ ըստ քր. նամակի բովանդակության, եթե ոչ, ապա վաղը առավոտյան, միևնույնէ է, կհանձնեմ, դու բոլորը կստանաս հենց վաղը երեկոյան։

Կրկին ձեզ բոլորիդ «քրիստոս հարյավ»։

Հավետ քո Միշել

232