Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգին, մանավանդ Նախիջևանի դաստիարակությանը, բայց և այնպես ինձ ևս քաջալերություն կլինի և կբարվոքե իմ աղավաղյալ վիճակը։ Ես գրում եմ ձեզ որպես բարեկամի, առանց թագուցանելու, որպեսզի Դուք իմանալով իմ հանգամանքը, միանգամայն շարժվիր և ազգասիրությամբ և կարեկցությամբ դեպի ինձ։ Ձեզ հայտնել էի մասնավորապես, որ շարադրել էի մի գիրք «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով, որի խորհուրդն է, ինչպես եվրոպական այդպիսի աշխատությունների խորհուրդը, բարոյական լուսավորություն և կրթություն, և որովհետև այդ բանի գլխավոր նյութը առած է նախիջևանցոց կյանքից, վասն որո և մանավանդ հասկանալի և օգտակար նախիջևանցոց համար։ Այդ աշխատության տպագրությունը կարոտ է 400 մանեթ ծախքի, այս պատճառով խնդրում եմ, որ ինչպես Նազարյանցի հանդեսը տպվեցավ ստորագրությամբ նվիրաբերաց, նույնպես Դուք հանձնառու լինիք ի սեր ազգի և իմ, բանալ մի ստորագրություն Ձեր ծանոթների և բարեկամների մեջ։ 16 բաժին առնելով այդ գումարը, յուրաքանչյուրին կհասանի 25 մանեթ, որ մի մեծ բան չէ մի մարդու համար։ Տեր Գեորգին ևս ասացեք, որ նա ևս աշխատի. ես հույս ունիմ, որ մի բաժինը նա ինքը ստորագրե և մի բաժին կամ ավելի ուրիշին տա ստորագրել։

Հավաստի եմ, որ Դուք չեք հրաժարվիլ ինձ այսպիսի մի ազգասիրական օգնություն մատուցանելուց, որով իմ տարեվոր աշխատությունը պիտի կենդանանա ազդի համար, հավաստի եմ նույնպես, որ բավական կմնաք իմ աշխատությունից, որովհետև ամենայն մաքուր խղճմտանքով գործակատար եմ գտնված։

Խնդրեմ ներեցեք, որ այսպիսի հանձնարարությամբ Ձեզ ձանձրացնում եմ և եթե Ձեր ազգասեր հոգու որպիսությունը ինձ քաջալերություն չտար, ես համարձակվելու չէի։

Հավատացած եմ, որ կկատարեք իմ խնդիրը։ Ստորագրողների անունը, ինչպես պ Նազարյանցը արել է, եթե կամենան, կդնեմ գրքի ճակատումը։

Ուրիշ բան չունեմ ասելու առ ժամս, միայն խնդրում եմ կատարել խնդիրս, եթե կարելի է մինչև դեկտ, վերջը, որ կարողանամ հունվարից իսկույն գործ սկսանել։ Եթե արժանի գիտության բան պատահի, կգրեմ Ձեզ անշուշտ։

Ձեզ միշտ բարյացակամ հոգով և սրտով խ. ծ.
Միքայել Նալբանդյանց

7 նոյեմբերի, 1857, Մոսկվա