Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՈՒ ՏՈՂ

Ճշմարտությունը կրոն է,
Նորան միայն խնգրեցեք,
Իսկ նորանից ոչինչ:
Robert Owen

Ազատությո՜ւն, գոչեցի, թո՛ղ որոտա իմ գլխին,
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, թող դավ դնե թշնամին.
Ես մինչ ի մահ, կախաղան, մինչ անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ՛ կրկնեմ, անդադար, ազատությո՞ւն:
Կոմս ԷՄՄԱՆՈՒԵԼ

Հայկական դպրության ասպարեզը իջանելուց հետո, քանի մի անգամ հանդիպեցավ մեզ, երես առ երես պատահել անամոթ վատության: Եվ ո՛չ անգամ վշտացանք և ո՛չ անգամ վիրավորվեցանք այդ հարձակմունքներ՝ից, այլ մանավանդ ցավեցանք հարձակվողների վերա, որովհետև բարոյական հիվանդությունը մինչև ի մահ տիրելով նոցա վերա, պատճառ էր եղել այդ ցնցողական և անգիտակից շարժողութեններին։

Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ հառաջ, քան թե գրիչ առինք ու հրապարակ իջանք, գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը, թերևս աչքերի նկատմամբ, գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա։

Այս գիտութենից հետևեցավ այն, որ այդ հարձակմունքը, թերևս շատ անգամ մեր անձին վերա, փոխանակ մեր գաղափարների, ո՛չ երբեք կարողացան, և ո՛չ նաև մի մազի չափ, խոտորեցնել մեզ մեր ուխտյալ ճանապարհից։

Այսօր, վերստին հանդեպ է ելանում մեզ խավար տգիտությունը, յուր սոփեստական մեծ վայելչությամբ։ Նա զարդարված է այսօր փիլիսոփայի և աստվածաբանի անուններով. այս անգամ երևում է նա պ. Չամուռճյանի կերպարանքով...[1]

  1. Տե՛ս Երևակ, թիվ 87, հին ոճով, զոր տնօրինե և հորիե պ. Հովհաննես Տեր ֊Կարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի։ (Ծ. Հ.)։