Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված։

Ահ՛ա, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող կործանվի Ավստրիան:

Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրուն։

Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի՛ր քաջի պես,
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կըզոհվի։

Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա՛, թեև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր:

Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին։