Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըստ որում հոգաբարձու չէր եղած յուր զավակների կրթության մասին։ Պարոնը ապրում էր բավական լավ, և նորա մոտ ել ու մուտ ունեին ոչ թե միայն նորա նման մարդիկ, այլև... զանազան խորհուրդներով։ Պ. Հովնաթանյանցի տեսությամբ, բոլոր աշխարհը շարժող և կառավարող ուժը և զորությունը էր արծաթը, և նա այնպիսի մարդերից էր, որոնք դեռևս զարմանում են, թե ի՛նչպես աստված ստեղծել է աշխարհը առանց մի օգտի ակնկալության, և թե ի՛նչպես ամենայն օր երկնքի լուսավորքը լուսավորում են երկիրը առանց մի բան ստանալու։ Այս պարոնը ուներ նույնպես մի քանի եղբարք, որոնցից փոքրը ավելի մոտ հարակցություն ուներ մեր նկարագրած պարոնին քան թե մյուսքը։ Կինը և դստերքը տեր լինելով ավելի հարստության, քան թե յուրյանց կարգի շատ մարդիկ, դատապարտելի հպարտությամբ նայում էին ուրիշների վերա, և նոցա հայացքի մեջ կար մի թունավոր բան, որ հանդիպողի երեսին էր զարկում զորա չքավորությունը, իսկ յուրյանց հարստությունը։ Դստերքը, այսպիսի ուղղությամբ և այսպիսի խանգարված բարոյականությամբ ատմոսֆերայի մեջ աճելով և կրթվելով, դեռևս երեխայութենից սկսեցին մարդու երջանկությունը որոնել ամենայն տեսակ զեղխության մեջ։ Որդիքը, միանգամայն մարմնից բաղկացած, բթացած ուղեղներով և ասես թե արբեցած յուրյանց հոր հարստությամբ, բոլորովին անզգայացած դեպի ամենայն մարդկային և վայելչական բան, յուրյանց անուսումնասիրության և անընդունակության պատճառով, դուրս քշվեցան դպրոցից, ուր դրել էր նորանց նոցա հայրը, ո՛չ այն դիտավորությամբ, որ բան ուսանեին (պ. Հովնաթանյանցը, յուր սրտում, ատեցող էր ամենայն լուսավորության), այլ մանավանդ, ուրիշներին բամբասանքի տեղիք չտալու համար, որպես թե զանցառու էր զավակների կրթության մասին։

Ինքը պարոնը, ինչպես սովորաբար լինում են չնչին դրութենից վեր բարձրացող մարդիկը (թեպետև պ. Հովնաթանյանցը զուրկ էր ամենայն բարոյական բարձրութենից), սեփականել էր ինքյան մի հիմար հպարտություն, և ամենայն հասարակության մեջ կամենում էր խելացի մարդու պաշտոն վարել։ Նորա ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը հաշված ու համարած էին, որպեսզի, մի փոքր ծառայություն բարքի տալով ինքյան գրավե տեսողների համարումը։ Եվ նա սխալված չէր յուր հաշվում։ Հայոց ազգի մեջ դժվարին չէ ստանալ մեծարողական պատվանուններ, որովհետև նախ և հառաջ տվողքը չգիտեն յուրյանց արժանավորությունը, երկրորդ, այդ պատվանունների արժանավորությունքը։ Հարկ չկա ասելու, որ այս ճանապարհով ստացածը լինում է բոլորովին անխորհուրդ։