- Դ
- 20. ՄՐՈԻՐԸ
Իրիկունը, մետաքսներու պես փափուկ,
Իրիկունը՝ շարբաթներու պես քաղցր է.
Իրիկունը բաժակն է՝ շուրթը տամուկ՝
Զոր նայադ մը հըրամցընել կը բերե։
Օ՜հ, զիս հիմակ հյուղակին դուռը տարեք,
Լուսաշապիկ օդանույշներն իրիկվան,
Ավազանին մոտ, ուռիին շուքին տակ՝
Օ՜հ, զիս հիմակ հյուղակին դու՜ռը տարեք…։
Այս բաժակին հեղուկն ո՜րքան հոտևան,
Այս բաժակին հեղուկն ո՜րքան հեշտին է․
Թավուտքներուն մեջը քիչ քիչ կը մթնե՛.
Պիտի փշրի՜, ավա՜ղ բաժակն իրիկվան…
Շրթունքներըս վերջին պուտին են ծարավ,
Ու ես Գարնան Հյուղին տարփոտ շուքին տակ
Կը մոտեցնեմ երկչոտ՝ բաժակն իմ բերնիս․
Դիրտ մը կա հոն, զոր հեգ հոգիս դժվարավ։
Ու դառնությամբ կ՚ըմպե մինչև իր հատակ,
Հյուղին կույսն է՝ որ մըթնշաղն իմ սրտիս
Կը սևցընե՝ հեծկլտուքով մը գիշեր…
Կը հեծեծե՜, ու չի՜ գիտեր թե քարին
Քսվող սի՝րտս ալ ինկավ ցայգուն մեջ խորին։