Բոլորովին հակառակը կարգ մը հոխորտ ու ճղճիմ իմացականությանց, Եղիշե եպիսկ. համեստության տիպարն է։ Ճշմարիտ ու մեծահոգի բանաստեղծը՝ որ իր առօրյա զբաղումներեն դուրս ունի հոգելից ներշնչումներու և միստիք վերացման իր պահերը, երբ իր հոգնաշխատ միտքն ու վաստակաբեկ մարմինը հողվույն սիրական հրճվանքներովը կը կազդուրվին ու անոնցմով կը հանգչին, երազանքի բեղուն ու խորհրդավոր վայրկյաններ ուր բանաստեղծ միտքը կը բաժնվի մերթ աշխարհի ունայն աղմկումներեն, ու Մտածումը կը սլանա թևաբախ դեպի հոգեկանը, որ իրեն կ՚սպասե արդեն անանուն և զգլխիչ նեկտարին քաղցրությամբ ամոքելու համար թռիչքին հոգնությունը։
Ինքը բանաստեղծ ծնած է արդեն, ինչպես իր եղբայրը։ Եվ ի՜նչ մտերիմ, ի՛նչ սերտ շեշտ մը, ինքնաբուխ զգացման, բառի ու բացատրության տեսակ մը, ի՜նչ շնորհալի ու գողտրիկ բանականություն ունին երկու եղբայրներն ալ, որոնք կը նույնանան մեր դատումին առջև։ Միևնույն միջավայրին մեջ ծնած, Սկյուտարի մեջ միևնույն բանաստեղծականությունը շնչած, — ու մանավանդ արդեն իսկ բանաստեղծ ծնած, — Միհրանիկը վաղամեռ Պետրոսին հարազատ շարունակությունը կը թվի ըլլալ։ Կարծես միևնույն Դուրյանն Է որ կը խոսի մեզի, միևնույն Դուրյանը՝ որ սակայն կրած Է տարիքին ու կոչումին հարկադրած փոփոխությունները. և մեծ հաճույք մը չէ՞ միթե տեսնել մեր վաղեմի սիրական քերթողին շարունակությունը՝ իր հարազատին մեջ։ Ու ո՞չ ապաքեն Եղիշե եպիսկոպոսը մեր երևակայած Պետրոսն է. հասուն տարիքեն բանաստեղծը, նվազ մելամաղձիկ, ավելի խոհուն ու հզոր, մի՛շտ քաղցր ու մի՛շտ խանդավառ։
15—493