Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիկը («Ժամանակ և խորհուրդ յուր»)։ Այստեղ նա ևս խանդավառված՝ ասում էր. «Հասավ, հասավ այն ժամանակ ազատաբեր... քեզ ավետիս կու տամ, ժողովուրդ, լռած լեզուդ և փակված բերանդ բաց այսուհետև, խոսիր և գրե»։ Բայց այս խանդավառությունն ավելի շատ առատորեն տրվող խոստումներին հավատալու ցանկություն էր, որովհետև գրքի առաջաբանում իսկ Հայրիկը չէր թաքցնում իր զարմանքը, որ ավելի հիմնավոր էր ու իրատեսական. «Մարդ չէր հավատար, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառավցած և ամուլ մայրը երկնելով հին աշխարհին համար նոր Մանուկ սահմանադրություն մը ծներ»։

1879 թ. Հայրիկը օգնություն կազմակերպեց Վանի սովյալներին, հիմնեց գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց։ Բնաշխարհում նրա ծավալած հայրենանվեր գործունեությունը կառավարությանը դուր չէր գալիս, և 1885֊ին Խրիմյանին կանչում են Ե. Պոլիս, այնուհետև, մի քանի տարի անց, «երկարատև ուխտագնացության» ուղարկում Երուսաղեմ, որ ըստ էության արտաքսում էր։

Իսկ ժողովրդի աչքին գնալով աճում էր Հայրիկի հեղինակությունը։ 1890-ին, երբ հայությունը լայնորեն նշում էր նրա ծննդյան 70-ամյակը, «Մուրճ» հանդեսը գրեց, «նա այսօր, որպես և անցյալում, ամեն ահեղինակավոր, ամենապատկառելի, ամենավստահելի ներկայացուցիչն է այն գաղափարի, որը մի պատրիարքի դարձնում է Ներսես, մի վիպասանի՝ Րաֆֆի, անհայտին՝ Գոլոշյան»։ Ուստի և բնական էր, որ 1892 թ. Հայրիկը միաձայն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս։

Շատ ուշագրավ է մի մանրավեպ, որ վերաբերում է Հայրիկի կաթողիկոսության շրջանին և ժամանակին պատմել է մեծն Կոմիտասը։ Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով։ Երբ էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին։

— Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:

— Հինգերորդ դարի,— փորձում է գուշակել հնագետը։

— Անկեց ալ հին,— հուշում է կաթողիկոսը։

— Քրիստոսի ժամանակվա։

— Անկեց ալ հին:

Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ