Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարգեցին այս առաջարկությունը, որը ես արտահայտեցի մի հաճոյախոս ճառի մեջ։ Իսկ պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագը ի պատիվ յուր պատերին երգեց երկու հատ գողտրիկ երգեր։

Պատեր֊Սիմոնի և իմ բարեկամությունը այժմ անխզելի էր. նրա իմ մասին շռայլված գովությունները վերջ չունեին։

Բոլոր գործը հաջողությամբ էր վերջացել. մնում էր միայն մի կենաց, որով հացկերույթը պիտի պսակվեր։ — Այդ կենացը օրիորդ Մարգարիտայինն էր, որը ես ոտի վերա կանգնած առաջարկեցի հյուրերին, կցելով նրան օրիորդի անձնավորության և նրա ծննդյան տոնին արժանավայել մի ճառ։ Օրիորդի վերաբերությամբ իմ քրոջից ստացած մի քանի տեղեկությունները այժմ ծառայեցին ինձ նրա մասին խոսած ճառս ավելի փառավոր անելու։ Խոստովանում եմ, որ բոլոր կենացների մեջ այդ առաջին կենացն էր, որը ես անկեղծ սրտով առաջարկում էի հյուրերին և առաջին ճառը՝ որ ես զգացմամբ թաթախուն բառերով արտասանեցի։

Մարգարիտան կանգնած էր ինձ դեմադեմ, սեղանի մյուս ծայրում և աչքերը խոնարհած դիտում էր յուր առջև դրած գինով բաժակը։ Տեսնում էի, որ համեստությունից նա հազիվ կարողանում էր լսել իմ խոսքերը. և ներքին հուզմունքից հառաջացած վարդագույնը պատել էր յուր դեմքը ամբողջապես։ Այդ րոպեին աչքը շլացնելու պես գեղեցիկ էր։

Երբ ես իմ խոսքը վերջացրի, դահլիճը թնդաց ծափահարություններով և հյուրերը բաժակները միմյանց շրխկացնելով դատարկեցին Լուսինյանների միամոր դստեր կենացը։

Մարգարիտան բոլորին մի առ մի հայտնեց յուր շնորհակալությունը և երբ հերթը հասավ ինձ, նա ուղղակի նայեց իմ աչքերին, բայց շրթունքները շարժել չկարողացավ և յուր աչքերը մի վայրկյան մնացին անշարժ։ Նրա կրակոտ հայացքը մինչև իմ ոսկորների ուղը թափանցեց և ես ամբողջ մարմնով դողացի։

Երբ երկրորդ անգամ աչքերս վեր բարձրացրի, նա էլ ինձ վերա չէր նայում, նա կեղծում էր, որ իրեն զբաղեցնում էին յուր ընկերուհիները։