Էջ:Muratsan, vol. 1.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չլինել: Իսկ ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեզ մոտ...

Ես ձեր քրոջը սիրում եմ...

Վերջին խոսքերը նա շատ կամացուկ ձայնով արտասանեց: Բայց իմ հետաքրքրությունը ավելի ևս շարժվեցավ: Ի՞նչ մարդ էր այդ պատեր—Սիմոնը. ինչո՞ւ համար նա էր իշխում սրանց ընտանիքի վերա, ինչո՞ւ համար օրիորդը անպատճառ կամենում էր, որ նա ինձ հետ բարեկամ լինի: Սրանք հարցեր էին, որոնց պետք էր բացատրություն:

Բայց մեզ թույլ չտվին ավելի միմյանց հասկանալու: Օրիորդ Մարանջյանը յուր մի երկու ուրիշ ընկերուհիներով մոտեցավ մեզ և սկսավ յուր սովորական զվարճախոսությունները: Մենք այժմ ստիպված էինք նրան լսելու: Պատեր—Սիմոն, Մարտին Պալտազարյան, կոշկակար-սեղանապետ, շառագունվող աղջիկներ և այլն, բոլորը նույն րոպեին նրա խոսակցության և կատակների առարկա դարձան: Այնուհետև մենք այլևս չկարողացանք միմյանց հետ առանձին խոսել, մինչև որ երեկոն մոտենալով մյուս հյուրերի հետ միասին ստիպվեցանք հեռանալ դեպքի քաղաք:

Բաժանվելու ժամանակ ես իմ ցավս հայտնեցի Մարգարիտային, որ չկարողացա յուր հետ ավելի երկար տեսակցել, ըստ որում խոսելու շատ բան ունեի:

—Վանս չունի, — ասաց նա, — ես նույնպես բաներ ունեի ձեզ հետ խոսելու. բայց մենք վաղը դարձյալ կտեսնվինք. և այս անգամ ես կգամ ձեզ մոտ:

Օրիորդի վերջին խոստումը ինձ շատ ուրախացրեց, և մենք գոհ սրտով բաժանվեցանք միմյանցից:

Է

ՄԻ՞ԹԵ ՍԻՐՈՒՄ ԷԻ ԵՍ

Երբ տուն հասանք, քույրս ու փեսաս սկսան առ ժամանակ պարապվել Լուսինյանների հացկերույթի և նրանց հյուրերի քննադատությամբ: Խնջույքներից կամ հարսանյանց հանդեսներից վերադարձողի համար օրվա անցքերի հաշվեկշիռ կազմելը միշտ սովորական և սիրելի զբաղմունք է: