Էջ:Muratsan, vol. 1.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



վերաբերությամբ։ Նա մինչև անգամ մոտեցավ և կաթոգին համբուրեց ինձ, ասելով.

— Ոչ մի բանի վերա մի մտածիր, որդյակս, իմ կյանքի նպատակը քո բախտավորությունն է, եթե դու ընտրում ես Բյուրատյանին քեզ ընկեր. ես այդ բանին բնավ ընդդեմ չեմ. նամանավանդ որ երիտասարդը դեռ անցյալ օրվանից գրավել է իմ համակրությունը և սերը։

Դու կարող ես այժմ երևակայել, Արամ, թե որքա՜ն մեծ կլիներ իմ ուրախությունը։ Ես չգիտեի թե ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը։ Բայց նրանք արդեն ամեն բան կարդում էին իմ երեսի վերա և ինձ հետ միասին ուրախանում։ Երբ ես միայնակ մնացի, սկսա մտածել այս առավոտվա քեզ տված տեղեկությունների վերա։ Ես գիտեի, որ պատեր-Սիմոնի մասին պատմածներս քեզ կարող էին անհանգստացնել, ուստի կամեցա մի ժամ առաջ հայտնել քեզ այս բոլորը։ Բայց ինչպե՞ս անեի. նամակ գրելու հարմարություն չկար, ձեր տունը գալ չէի կարող։ Մտածեցի գալ այգի. ևս գուշակում էի որ դու այստեղ կլինես. և ահա իմ նախազգացումը ինձ չդավաճանեց:»

Մարգարիտայի բոլոր պատմածները ես լսում էի գրեթե հիացած։ Իմ երազները վերջապես իրականություն էին ստացել, Մարգարիտան իմն է... Եվ այս միտքը լցնում էր իմ սիրտը մի անսպառ և անսահման ուրախությամբ, որը գնալով աճում և զեղում էր իմ բոլոր երակների մեջ։

Բայց ես հազիվ կարողացա մի քանի խոսք ասել նրան. Մարգարիտան շտապում էր։

Ես միայն այս ավետիքը քեզ բերելու եկա,— ասաց նա ինձ,— այժմ թույլ տուր, որ բաժանվիմ քեզանից, որովհետև ես մորս խոստացա մի շրջան միայն անել այգում և իսկույն վերադառնալ։ Մարին ինձ սպասում է. մնացյալը դու ինքդ կարող ես կարգադրել...

Այս ասելով նա սեղմեց իմ ձեռր և հեռացավ։ Մարին յուր ընկերուհիների խմբից դուրս գալով ընկերացավ նրան և երկուսը միասին շտապով ուղղվեցան դեպի տուն։