Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այստեղ, նստիր ինձ մոտ,— քնքշաբար խոսեց զոքանչս և մի աթոռ քաշեց դեպի իրեն։

Ես լուռ նստա առաջարկած աթոռի վերա։

— Ինչո՞ւ համար ես տխուր, ինչու՞ չես խոսում,— կրկին անգամ հարցրեց զոքանչս։

— Ինչո՞վ ուրախ լինեմ, և ի՞նչ խոսեմ. ես դեռ չգիտեմ, թե արդյոք իրավունք ունեի՞ ձեր տուն մտնելու, թե՞ ոչ,— պատասխանեցի ես։

— Քանի որ ես կենդանի եմ, իմ տունը քեզ համար բաց է, դու իմ որդին և փեսաս ես,— ասաց նա,— ինձանից հետո միայն կարող են քեզ հեռացնել այստեղից։

— Արամը արդեն ամեն բան գիտե, նա խելոք երիտասարդ է և հույս ունիմ ինձ կհասկանա, թողեք, որ ես նրան հայտնեմ իմ միտքը, — այս խոսքերով մոտեցավ ինձ պ. Լուսինյան և ուզում էր խոսել։

— Ոչինչ հարկավոր չէ ասել նրան. ես արդեն վճռել եմ, ես պատերների հրամանին հնազանդվող չեմ։

— Թողեք, մայրիկ, թողեք որ խոսե, ես կամենում եմ լսել նրան,— խնդրեցի ես զոքանչիս, և նա լռեց։

Պ. Լուսինյանը վերցրեց մի աթոռ և նստեց իմ հանդեպ:

— Դուք հիշո՞ւմ եք, բարեկամ, որ ես առաջին անգամից իսկ շատ լավ ընդունելություն արի ձեզ,— սկսեց խոսել նա,— ես ձեզ համակրեցի, հարգեցի, և հետո, երբ իմ դստեր ձեռքը խնդրեցիք, ես տվի նրան ձեզ։ Այդ ժամանակ ես դեռ չէի մտածում տխուր ապագայի մասին, ճշմարիտն ասած, ես մինչև անգամ, ձեր ինչ դավանության պատկանելը չգիտեի։ Տեսնելով, որ Մարգարիտան համակրում է ձեզ, ես ցանկացա ամուսնացնել նրան ձեզ հետ։ Դուք ինքներդ վկա էիք մինչև անգամ, թե ինչպես կոպտությամբ արտաքսեցի պատեր-Սիմոնին իմ տանից, որովհետև նա ընդդիմանում էր իմ դստեր կամքին։ Այդ բոլորը ես արի Մարգարիտայիս սիրտը շահելու և նրան գոհացնելու համար։ Բայց ամենն էլ անհեռատեսությամբ արի։ Իմ վարմունքով ես դժոխքի կրակներին մատնել էի մի ամբողջ ընտանիքի հոգիները։ Իմ Մարգարիտան, որին այնքան սիրում եմ ես, պետք է հավիտենական տանջանքների մատնվեր յուր հոր հիմարության պատճառով