Էջ:Muratsan, vol. 1.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արտաքսեցիք այս տեղից։ Մենք էլ ձեզ նման քրիստոնյաներ ենք. մենք Էլ միևնույն աստված և աստուծո որդին ենք պաշտում, որին և դուք։ Ինչպես դուք եք սատանաներից հեռու փախչում, այնպես էլ մենք։ Այդ բոլորը ինչ որ դուք մեր մասին ասացիք, խայտառակ զրպարտություններ են։ Այդ անզգամները ձեզ խաբում են։ Նույնիսկ պապը ձեր մասին ոչ կարող է մի բան լսել, և ոչ էլ կմտածե, թե ձեզ նման մի մարդ կա այս կորած անկյունում, այս և այն հանցանքն է գործում։ Այդ շինծու խոսքերով այդ մարդիկ միայն խաբում են ձեզ։ Բացեք ձեր աչքերը, ճանաչեցեք ձեր բարեկամներին և ազատեցեք ձեր տունը այդ անզգամների մեքենայություններից։ Նրանց շարունակ քարոզությունները ձեզ արբեցրել են։ Զգաստացե՛ք, խեղճ եք դուք, խեղճ է ձեր ընտանիքը։

Պ Լուսինյանը մի քանի վայրկյան հառեց ինձ վերա յուր աչքերը, և ապա ուրախ ուրախ մոտենալով բռնեց իմ ձեռքը և ասաց.

— Եթե այդ բոլորը ճշմարիտ է, և եթե դուք հերետիկոս չեք, աղաչում եմ ձեզ, վաղ առավոտ եկեք այստեղ, ես կկանչեմ և մեր պատվելիներին, ապացուցեք նրանց առաջ, որ դուք էլ ճշմարիտ քրիստոնյա եք, և ես այն ժամանակ կտամ ձեզ իմ Մարգարիտային, ինչպես խոստացել եմ։

Ես այդ րոպեին կատարելապես կարեկցում էի կրոնական նախապաշարմունքների այդ դժբախտ զոհին, մանավանդ որ նա իմ սիրած աղջկա հայրն էր, բայց ամենից ավելի կատաղում էի նրան մոլորեցնող դևերի դեմ։ Այդ խեղճ մարդը անմեղ էր։

— Շատ լավ, ես վաղ առավոտ կգամ այստեղ, կանչիր և ձեր պատերներին, ես նրանց հետ կխոսեմ ձեր ներկայությամբ:

Պ. Լուսինյանը ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ. նա ջերմությամբ ողջունեց ինձ ու քրոջս և դուրս գնաց։ Մի քառորդ ժամ Մարգարիտայի և նրա մոր հետ խոսակցելուց հետո մենք էլ դուրս եկանք։

Ճանապարհին մենք անցանք պատեր-Սիմոնի տան մոտից։ Ներսից լսվում էին հարբած մարդկանց ձայներ։ Ես