ես այդտեղ աղոթեցի։ Այդտեղ ես առաջին անգամ զգացի հոգեկան մխիթարության քաղցրությունը,— մի բարիք, որին չեն կարողանում ո՛չ հափշտեկել և ո՛չ բռնաբերել․․․
Երբ ժամասացությունը վերջացավ և ժամավորները դուրս գնացին, ես մոտեցա տեր-Հովհաննեսին և ողջունեցի նրան։
—Ի՞նչպես է պատահել, որ այսօր եկեղեցի եք եկել, — հարցրեց նա ժպտալով։ Այսօր աստծու աղոթելու կարիք զգացի, —պատասխանեցի ես։ Տեր-Հովհաննեսը երևի գիտեր իմ գլխին հասած չարիքը, ուստի․
—Միշտ այդպես է․ թշվառությունը հասած ժամանակն եմ մարդիկ դիմում աստծուն, — նկատեց նա ծանրությամբ,—բայց ավելի լավ կլիներ եթե նրանք մինչև թշվառության հասնելը հիշեին նրան։
Ես կարմրեցի։ Բայց բարի քահանան իսկույն փոխեց յուր խոսակցության եղանակը և սկսավ իմ ակնարկած թշվառության մասին հարձուփորձել ինձ։
Ես ամեն բան մանրամասնաբար պատմեցի նրան։
Եվ հետո երբ իրեն հայտնեցի իմ դիտավորությունը, նրան Լուսինյանի տունը տանելու համար, նա ուրախությամբ համաձայնվեցավ։ Բայց ամենից առաջ մենք մտինք յուր տունը, որը գտնվում էր եկեղեցվո բակում, թեյ առնելու համար։
Օրիորդ Վարդուհին դիմավորեց մեզ յուր սովորական ուրախ և կատակներ անելու պատրաստ տրմադրությանբ և ծանոթացրեց ինձ յուր քրոջ և մոր հետ։
Որքան էլ որ ես տրամադիր չէի ծիծաղելու, դարձյալ նրա զվարճախոսությունները կորզում էին մի մի ժպիտ իմ շրթունքներից։ Ինձ հետ պատահած անխորժ դեպքն անգամ նա յուր կատակների նյութն էր շինում։
—Երջանիկ հոգի, երբեք չես ծերանալ, — ասում էի ես նրան:
Բայց, իհարկե, ով կարող էր երաշխավորել,. թե նրա գեղածիծաղ պատանեկությունը մի օր չէր ընկճվիլ ամենածանր թշվառության տակ: