Էջ:Muratsan, vol. 1.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղային, այն ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել։ Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք։

–Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք,– մեջ մտավ վարպետ Սարգիսը,– եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ։

—Ինչու՞ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում։

—Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, — մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, —ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ի՞նչ պիտի անեն։

—Ի՛հարկե, ի՛հարկե, —գոչեցին շատ տեղերից հյուրերը։ Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք։

—Որ այդպես է Համբարձումի կենացը, — կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ ամփոփոխ մատռվակ էր ընտրված։ — Համբարձումի կենացը, — կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները։

Համբարձումը ինքն իրեն հրճվում էր որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը։ Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել։

— Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անեք։ Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտր անենք։

—Ի՞նչ բան, — հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը։

—Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք։ — Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը։

—Իրավունք ունիք, եղբայր, — հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, — ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու։