Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանող նավակը սկսավ հեռանալ. սիրուհիս տեսավ ինձ նավի ելքի մոտ կանգնած և աղիողորմ ձայնով ճչաց.

— Արամ մի՞թե ինձ թողնում ես դու...

Այս ձայնը մինչև իմ ոսկորների ուղեղը թափանցեց. ես կամեցա վազել ներքև, բայց նավի սանդուղքը արդեն բարձրացրել էին, ճանապարհ չկար. գլուխս սկսավ պտտվիլ... Ես առանց աջ ու ձախ նայելու կշռեցի իմ սիրուհին տանող նավակի և շեգենավի հեռավորությունը և արագությամբ բարձրանալով նավի խելի վերա մի ուժեղ ոստումով նետեցի ինձ դեպի հեռացող նավակը. դժբախտաբար փոխանակ իմ նպատակետը հասնելու ընկա ծովի մեջ: Մի քանի րոպեից զգացի, որ ալիքները խեղդում են ինձ...

ԻԶ

ԽԵՂԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Առաջին անգամ երբ աչքս բացի ինձ իմ քրոջ տանը տեսի մանհճակալի վերա պառկած: Ինձ մոտ կանգնած էր բժիշկը և չորս կողմս տխրադեմ և արտասված աչքերով պատել էին քույրս, փեսաս, Մարգարիտան և յուր մայրը: Առաջին անգամ կենդանության նշույլ տեսնելով իմ մեջ նրանք բոլորը միասին սկսան ուրախանալ և ժպտալ. բժիշկը նրանց հուսադրում էր. ես լսում էի նրա խոսքերը. տեսնում էի նրա շրթունքների շարժվածքը, բայց անկարող էի մի բառ անգամ արտասանել: Ես տեսնում էի, թե ինչպես Մարգարիտան ուրախությունից գրեթե շնչասպառ խոնարհվել էր ինձ վերա, սեղմում էր ձեռքերս, փայփայում էր ինձ հազար և մի անուշ խոսքերով և կիսահագագ սպասում էր, որ մի բառ, մի խոսք արտասանեմ իրեն… Ես հազիվ կարողանում էի իմ համր և սիրապատար հայացքով հայտնել նրան, որ տեսնում և լսում եմ իրեն, որ հրճվում, ուրախանում եմ իրեն ինձ մոտ տեսնելով…

Անցան մի քանի ժամեր. բժիշկը կրկնապատկում էր յուր դարմանները կամաց—կամաց և լեզուս սկսում էր բացվիլ: Առաջին խոսքը ես Մարգարիտային ուղղեցի, ցանկություն