Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ թե՛ ես փռվեցա նավակի մեջ և թե՛ դու վրիպեցիր քո նպատակից։

Երբ ես կրկին անգամ բարձրացա, դու արդեն կռվում էիր ալիքների հետ, նրանք սպառնում էին խորասուզել քեզ, և դու աշխատում էիր թևակոխել նրանց և հասնել մեզ... Տեսնելով քեզ ծովի ծփանաց խաղալիք, ես աղաղակեցի իմ բոլոր ուժով. «Օգնեցեք, օգնեցեք, նա խեղդվում է...»։ Բայց մեր նավաստին փոխանակ դեպի քեզ մոտենալու սխալ հարվածներով հեռացնում էր նավակը քեզանից, ես սկսում էի խելագարվիլ և մի քանի անդամ փորձ փորձեցի դուրս թռչել նավակից, ազատել քեզ կամ քեզ հետ միասին խուրասուզվիլ…

Բայց մի քանի ձեռքեր միանվագ բռնեցին ինձ։

Ես մնացի անշարժ, և ճչում էի աղիողորմ ձայնով։ Ոչ ոք իմայիններից ձայն չէր հանում. նրանցից մինը մինչև անգամ սաստեց ինձ՝ լռել. ես կատաղում եմ...Բայց ոստիկանապետը իսկույն և եթ հրամայեց հետ դարձնել նավակը, նավաստին այս անգամ չհամարձակվեցավ ընդդիմանալ. մյուս կողմերից էլ շրջապատեցին քեզ ուրիշ նավաստիներ իրենց նավակներով, ամենքն էլ ճիգ էին թափում քեզ փրկելու։ Մի քանի անգամ դու դուրս խլվեցար նրանց ձեռքից, որովհետև հագուստներդ ողողվել և քեզ ծանրացրել էին։ Այդ հուսահատ րոպեին նավաստիներից մինը, որ արդեն մերկացել էր, ձգեց իրեն ջրի մեջ և հափշտակելով՝ քեզ սկսավ լողալ դեպի յուր նավակը։ Նրա արհեստակիցները օգնեցին նրան ձգել քեզ նավակի մեջ. հետո ինքն էլ ցատկեց և դուրս եկավ ջրից։ Այդ ազատարար հրեշտակը այն նավաստին էր, որ մեզ յուր նավակով բաց ծովից բերել էր նավահանգիստը։

Բայց շուտով հայտնեց նա ոստիկանապետին, որ դու արդեն անշնչացած էիր...

Օ, եթե կարողանայի նկարագրել քեզ՝ թե ինչ հուսահատություն տիրեց ինձ այն րոպեին, երբ այդ մահագույժը լսեցի... դու անշուշտ կսարսափեիր... բայց ես զգում էի, որ արդեն խելագարվում եմ, որովհետև սոսկալի վշտի ծանրությունը մի րոպե տեղի տվավ իմ մեջ ուրախության, կարծես թե ես կամենում էի ծիծաղել և կանխահաս գիտակցությունը խեղդեց իմ մեջ խելագարության այդ երկունքը..