ինձ, — մի՞թե դավադրությունների ցանկը դեռ վերջացած չէ»: Բայց ո՞վ կարող էր գուշակել, թե ի՞նչ կանեին, պատեր֊Սիմոնը և յուր ընկերները ամեն տեսակ չարիքներ նյութելու պատրաստ էին։ Բավական է, որ առիթ կար։
Մնում էր ինձ սպասել մի մոտալուտ դժբախտության։
Հետևյալ առավոտ եկավ ինձ մոտ մի ոստիկան և հայտնեց, որ ոստիկանատնից ինձ պահանջում են։
Ես իսկույն հետևեցի նրան։
Ոստիկանական վարչության մեջ սկսան հարցուփորձել ինձ թե ո՞վ էի ես, ո՞րտեղից եմ եկած, ի՞նչ գործով եմ պարապում այստեղ և այլն։ Բոլոր հարցերին էլ ես մի առ մի պատասխանեցի։ Հետո ոստիկանատան մի պաշտոնյան հարցրեց, թե արդյոք անցաթուղթ ունեի՞ ես։
— Անցաթուղթ ունիմ,— վստահությամբ պատասխանեցի ես։
Իսկ պաշտոնյան, որ կասկածանքով էր նայում ինձ վերա, պահանջեց, որ ցույց տամ իրեն։
— Ինձ մոտ չէ, բայց կներկայացնեմ ձեզ, — պատասխանեցի ես։
— Ուրեմն մեր պաշտոնատարը կընկերակցե ձեզ, տվեք նրան անցաթուղթը, որ բերե, իսկ մենք նրա համարը մեր գրքերի մեջ արձանագրելուց հետո, անմիջապես կվերադարձնենք ձեզ։
— Շատ լավ,— պատասխանեցի ես և պաշտոնատարի հետ դուրս եկա։
Հասնելով տուն առաջին գործս այն եղավ, որ վազեցի պայուսակս վերցնելու, որովհետև անցաթուղթս նրա մեջ ունեի պահած։ Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ պայուսակս մահճակալի տակ չտեսի, ես նրան միշտ այնտեղ էի պահում և չէր կարելի, որ մի ուրիշը փոխադրած լիներ այնտեղից մի ուրիշ տեղ։ Հանկարծ միտքս եկավ, որ փախուստի գիշերը նրան պետք է վերցնեի ինձ հետ, բայց մոռացա և տանը թողի։ (Ուրեմն քույրս վերցրած կլիներ նրան մի ապահով տեղ դնելու համար» մտածեցի ինքս ինձ և դիմեցի քրոջս մոտ։
Դու նրան անպատճառ շոգենավումն ես մոռացել,—