Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարգարիտան դեռ չգիտեր, թե քույրս և փեսաս էլ պիտի ընկերակցեին ինձ, բայց երբ այս բանը ես հայտնեցի նրան, շատ ուրախացավ, որովհետև դա մի հաստատուն գրավական էր իմ շուտափույթ վերադարձի համար. ըստ որում Մարգարիտան ինքն էլ գիտեր, որ փեսաս ու քույրս երկար բացակայել չէին կարող։

— երբ կերթաք մորդ մոտ և աստուծով նրան կառողջացնեք,— սկսավ սիրաբանել Մարգարիտան,— ասացեք նրան, որ դուք թողել եք այստեղ մի երկրորդ հիվանդ, որը նույնպես կարոտ է յուր որդու հոգատարության, թող նա շուտ, շատ շուտ վերադարձնե քեզ ինձ մոտ: Այսուհետև օրերը տարիներ պիտի դառնան ինձ համար և արևը մութ ու լուսինը խավար պիտի երևի իմ աչքում։ Ասա՛ մորդ, որ նա խղճա ինձ, յուր երկրորդ աղջկանը, յուր Արամի Մարգարիտային... Ասա, որ ես սիրում եմ նրան, որովհետև նա քո մայրդ է. ասա՛, որ ես ճնշում եմ իմ սիրտը, որ ես խեղդում եմ իմ սերը, միմիայն յուր համար, թող ինքն էլ չզլանա ինձ ամենափոքրիկ զոհողություն — զկվիլ քեզանից միայն մի ամիս. այնուհետև մենք կրկին կվերադառնանք յուր մոտ և միշտ միասին կլինինք...

Այս և սրա նման շատ խոսքեր էր խոսում ինձ Մարգարիտան սևեռելով ինձ վերա յուր սևորակ և գեղեցիկ աչերը՝ մերթ կրակոտ և սիրապատար, մերթ մեղմ և աղաչավոր հայացքներով։ Ես լսում էի նրան հոգեզվարճ հիացմունքով և սրբազան հափշտակությամբ... Եվ երբ նա ավարտեց յուր խոսքը, մենք ուղղվեցանք դեպի տուն։

Քույրս ու փեսաս մեր ուղևորության միակ արգելքը Մարգարիտայի կողմից էին սպասում, բայց նրանք շատ ուրախացան, երբ Մարգարիտան զվարթ երեսով հանդիպեց նրանց և մինչև անգամ բարի ճանապարհ մաղթեց։ Իրենք էլ մյուս կողմից ավելի սփոփեցին նրան, խոստանալով, որ ամեն ջանք գործ կդնեն ինձ շուտ վերադարձնելու։ Մյուս կողմից էլ, երբ բացատրեցին նրան մեր ուղևորության անհրաժեշտությունը, նույնիսկ մեր և յուր հոր լարված դրությունը բարեփոխելու և պատերների խումբը ցրվելու նպատակով,