«Կեցջի՛ք, կեցջի՛ք», — գոչեցին միաբերան հրավիրյալները և տեղերից բարձրանալով իրենք էլ միաբերան ոգևորված առաջ անցան և սկսան կարգով ստորագրել։
— Ի՞նչ ըսավ. 500 ռո՞ւբլ, — բացականչեց զարմացմամբ պարոն Դեմուրջյանը և մոտենալով Դուրյանի մասին իրեն նկատողություն անող պարոն Սլաքյանին, նրա ականջում շշնջաց․ «Լսա՞ք ինչ ըսավ պարոն սեղանապետը»:
— Այո՛, ի՞նչ կա,— սառնությամբ հարցրավ Սլաքյանը:
— 500 ռուբլ ըսավ, եղբայր, ասանկ առատաձեռնություն կըլլա՞ մի:
— Ինչու՞ չէ. դուք ինքներդ չէիք, որ ձեր ճառի մեջ հույս էիք հայտնում, թե «առատագույնս պիտի նվիրաբերեն»:
—Կսխալիք, բարեկամս. եթե բոլորս ալ 500-ական ռուբլ ստորագրելու ըլլանք նե, գիտե՞ք ծայրը ո՞ւր կհանգի։
—Կրետեի լաբյուրինթոսին մեջ, զոր Մինովսի հրամանավ Դեդալիոս անդրիագործը շինեց, — ծիծաղելով պատասխանեց պարոն Սլաքյանը։
—Դուք զիս կծաղրե՞ք, հա՞․ բայց ես առանց կատակի կխոսեմ, — տաքացած շարունակեց Դեմուրջյանը: —Ասանկով դուք ժաղովուրդը կանբարոյականացնեք։ Ի՞նչ հարկ կա այս աստիճան առատությամբ վարձատրիլ ողորմելի երգիչ մը, մինչդեռ անդեն Երուսաղեմ յուր լեռնակուտակ պարտքերուն տակ կհեծե…
Պարոն Սլաքյանը,որ յուրայինների ինչ պտուղ լինելը լավ էր ճանաչում, ծիծաղեց Դեմուրջյանի միամիտության վերա, և «Երուսաղեմի պարտքն էլ պոլսեցիներդ կհոգաք» ասելով հեռացավ:
Մինչդեռ այստեղ Դեմուրջյանն ու Սլաքյանը խոսում էին, մյուս հրավիրյալները սեղանապետի գլխին թափված՝ եռանդով ստորագրում էին: Սեղանապետից հետո ստորագրեց Սոմարյանցը՝ դարձյալ նրա օրինակին հետևելով, 500 ռուբլ: Իսկ մյուս հյուրերը ոչ ավելի քանի 200, 150,100 և 50 ռ.: Վերջին գումարից պակաս ստորագրող չեղավ: Կես ժամվա մեջ ամբողջ թերթը ծածկվեցավ ստորագրություններով:
երբ բոլորը վերջացրին, երիտասարդ բժիշկը հաշվեց, և,