պատվարժան հյուրերի կարծիքն է սա։ Ես տեսա, թե ինչպես զարմացան նոքա, երբ ես հայտնեցի, թե մի փականագործի մոտ եմ ծառայում։ Այդ խելոք մարդիկները իսկույն ճանաչեցին իմ արժանիքը և ափսոսացին: Ես տաղանդ ունիմ, ես ձիրքեր ունիմ. այդ բանը Սոմարյանցի բոլոր հյուրերն էլ վկայում էին, ինչու՞, ուրեմն անհայտության մեջ թաղել այդ հարստությունը: Ճշմարիտ է, ես իմ արժանիքը մինչև այսօր չեմ ճանաչել, բայց ես մեղավոր չէի: Ես մեղավոր կլինեմ, արդարև, թե այսօրվանից հետո դարձյալ նույն հիմարը մնամ, եթե ես Գուստավի գործարանում կորաքամակ երկաթ ծեծեմ, ճախարակ պտտեցնեմ և թույլ տամ, որ օրիորդ Շառլոտան երկաթե վանդակները շալակել տա ինձ ինչպես գրաստի... Իսկ քեզ հետ, հարգելի օրիորդ, իմ հաշիվը հետո կվերջացնեմ, — տաքացած շարունակում էր Գևորգը։ — Ես քեզ սիրում էի, ես քեզ համար մտածում էի, իսկ դու արհամարեցի՞ր ինձ։ Հոգ չէ։ Մենք մի օր կտեսնվինք միմյանց հետ։ Այդ օրը ես աղքատ հագուստներում չեմ լինի և ոչ էլ ջարդված գդակով։ Այդ օրը դու գուցե կմեկնես ինձ քո ձեռը իսկ ես արհամարհանքով շուռ կտամ իմ երեսը։ Իսկ դուք, ողորմելի հիմարներ, — ինքն իրեն դառնում էր Գևորգը յուր ընկեր բանվորներին,— դուք, որ առիթ չէիք փախցնում ինձ ծաղրելու և չարչարելու համար, դուք միշտ էլ այդպես ողորմելի կմնաք, պատռտած հագուստով և մրոտած երեսով։ Եվ այն ժամանակ, երբ ես մի նշանավոր երգչի համբավ կվայելեմ, երբ ամենայն տեղ ժողովուրդն ինձ ծափահարություններով կդիմավորե, երբ ես հարուստ, բախտավոր կլինեմ, այն ժամանակ էլ դեռ դուք երկաթ կծեծեք, և պողպատ կսղոցեք…»։
Այս մտածմունքներով Գևորգը շարունակում էր յուր ճանապարհը։ Վերջապես նա հասավ Գուստավի գործարանին․ —
«Այժմ, երբ ինձ Գուստավը տեսնե, դեմքը պիտի խոժոռե, իսկ իմ ընկերակիցներին անշուշտ կսկսեն հաչել, թե ինչու՞ համար եմ ուշացել»։ Ինքն իրեն խոսում էր Գևորգը գործարանի բակը մտնելով։—«Բայց ինչպես պիտի զարմանան, — շարունակում էր նա, երբ ես հայտնեմ նրանց, թե թողնում եմ ծառայությունս։ Եվ այն ժամանակ թող Շառլոտան ու յուր
»