Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան գիտեր, նա ամեն բան գուշակում էր. բայց ե՛ս, ե՛ս հիմարս նրան չլսեցի... ես թշվառացրի նրան և ինձ...»: Եվ այս խոսքերի հետ նա սկսեց հեկեկալ:

Երկար այս դրության մեջ Գևորգը մնացել էր կանգնած: Վերջապես նա վճռեց դիմել այն մարդկանց, որոնց ցուցակը գտնվում էր յուր ձերքում: — «Այդպիսով ոչինչ չի դառնալ,-մտածում էր նա, -ես ձեռնունայն իմ մոր մոտ չպիտի դառնամ, այս վճռված է: Ամբողջ օրը պիտի ման գամ, բոլորին պիտի տեսնեմ. պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, մինչև որ ձեռքումս մի բան ունենամ տուն վերադառնալու համար: Իսկ եթե բոլորից էլ մերժում կստանամ, այն ժամանակ... այն ժամանակ ես գիտեմ ի՞նչ կանեմ... այն ժամանակ իմ ապրելս ավելորդ է»:

Այս խորհուրդածություններով նա քայլերն ուղղեց դեպի Սոմարյանցի տունը: Նա տանը չէր: Վերադարձավ մի ուրիշի մոտ: Սա էլ հյուրեր ուներ, տեսնել չէր կարող: Երրորդի մոտ վազեց, նա պատասխանեց, որ այդպիսի ստորագրության համար տեղեկություն չունի և խոստացավ Տանպետյանցին տեսնել: Չորրորդը մինչև անգամ պատուհանից տեսած լինելով, թե հնչակ քաշողն ով է, ծառային հրամայեց ասել՝ «տանը չէ» այնպես բարկացած և բարձր ձայնով, որ Գևորգն ինքն այդ լսելով և առանց ծառայի պատասխանին լսելու հեռացավ: Հինգերորդի համար ասացին, որ հենց այն առավոտը Փոթի էր գնացել: Վեցերորդը, որ բարեհաճեց Գևորգի հետ յուր բակում մի քանի խոսք խոսալ, նրար դատապարտեց յուր պաշտոնը թողնելու համար, և վերջումն էլ նրան «ձրիակեր» անունը տվավ։ Գևորգը խորը վիրավորված հեռացավ և՛ այդտեղից։ Յոթներորդը ճաշի վրա էր արդեն, ուստի չէր կարղ այդպիսի ժամանակ այցելու ընդուներ։ Գեղեցիկ հագնված սպասավորը մինչև անգամ նկատողություն արավ, որ ժամը երեքին այցելության գնալն անհարմար է, և ժամանակ որոշեց առավոտյան ժամը է 10-11-ը։

Գևորգը գրեթե խելագարված սկսեց թափառել փողոցներում․ նա չգիտեր ո՞ւմ է գնում, ո՞ւմ է պտռում։ «Ճաշի ժամանակն անհարմար է այցելել» — այս լսել էր ութերորդի ծառայից, և սպասում էր, որ այդ ժամանակն անցնե։