Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամների տրամադրությունը այդ խնդրում, նա վստահություն առավ և պատմեց, նրանց թե ինչպես Ելիզավետա Սերգեևնան բարկացել և պատռտել էր ստորագրության թերթը և սրանով ազատել արբած ժամանակի խոստումը կատարելուց:

—Կեցցե՜, կեցցե՜ Ելիզվետա Սերգեևնան, — գոչեցին Տանպետյանցի բարեկամները գրեթե միաբերան, նոքա, որոնք սկզբումը թթվացրել էին իրենց երեսները, կամ պատրաստվել էին խմբից հեռանալու, իսկույն փոխեցին իրենց տրամադրությունը և հավաքվելով բոլորը միասին սկսան գովություններ շռայլել Ելիզավետա Սերգեևնայի խելացի արարքի համար:

Թեպետ այդ րոպեին Տանպետյանցի մոտ չէին Սոմարյանցի խնջույքին ներկա գտնվող բոլոր հյուրերը, սակայն մի երկու օրվա մեջ նրանք բոլորը արդեն գիտեին Ելիզավետա Սերգեևնայի արածը, և չէին կարողանում ներքին գոհունակությամբ շնորհակալություն չանել նրան:

Բայց ո՞ւր գնաց մեր խեղճ Գևորգը:

Նա արդեն դուրս էր եկել քաղաքից և գտնվում էր Քռի ափում, մի ամայի տեղ: Մութը կոխել էր. լուսին չկար, բայց աստղերն ադամանդների նման շողշողում էին կապուտակ երկնակամարի վրա: Նրան շրջապատող լռությունը խանգարվում էր միայն գետի խուլ հոսանքի ձայնով:

Նա մոտեցավ գետի ափին, դիտեց նրան լուռ ու մունջ և շշնջաց. «Օգնության հույս էլ չկա, ապրել այսուհետև ամոթ է ինձ համար. ահա՛ իմ տեղը,—և նա դողացող ձեռքը պարզեց դեպի գետի խորը,— բայց ի՞նչ եմ անում ես»—գոչեց նա հանկարծ և սոսկալով հետ դարձավ:

«Հիմար, հիմար,—խոսում էր նա ինքն իրեն—, ո՞ւմ հույսով ես թողնում քո մորը ո՞վ պիտի պահե, ո՞վ պիտի կերակրե նրան, ինչու՞ ես դառնացնում նրա ծերության օրերը ինչու՞ ես սպանում նրան…»: Եվ այս մտածությունը կարծես նրան հոգի ու սիրտ տվավ. նրա հուսահատությունը, որ իրեն մոլորեցրել էր, անցավ, և նա արագ-արագ քայլելով դիմեց դեպի քաղաքը:

Երեկոյան ժամը 11-ին նա հասավ տուն: