Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Գարնանային սիրուն երեկո էր: Արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտքը: Օդը թեպետ մի փոքր տոթային, սակայն քաղցրաշունչ հովը բարեխառնում էր նրան և խիստ ախորժելի դարձնում զբոսասեր բազմությանը, որը լցված էր Ալեքսանդրյան այգու ճեմելիքները: «Ազնվականական» կոչված բարձրադիր ծառուղին գրեթե խեղդվում էր զբոսողների շատությամբ: Գեղեցիկ հանգված տիկիններ, վերջին տարազով պճնված օրիորդներ, նրբաճաշակ երիտասարդներ—կոկված Փարիզի նորությանց համեմատ, միշտ չարություններ և սկանդալներ անելու համար պատրաստ ուսանողներ և վերջիններին պաշտող ուսանողուհիներ, բոլորն էլ խառնիխուռն զբոսնում էին այդտեղ: Նրանց անընդհատ անցուդարձը նմանվում էր մի հանդիսավոր կադրիլի, որը պարում են հարուստ իշխանի դահլիճում նրա բազմաթիվ հյուրերը:

«Ազնվականական» ծառուղիում արգելված չէր, իհարկե, և աղքատներին զբոսնելու, միայն թե նրանք քաղաքավարությամբ խույս էին տալիս դեպի մենավոր ճեմելիքները, որպեսզի իրենց ներկայությամբ չխանգարեն հարուստների, կամ գոնե հարուս երևացողների զվարճությունը: Հագուստի անշնորքությունն ստիպում էր նրանց շքեղության աչքից հեռու պտտելու: Իսկ նրանք, որոնք թեպետ աղքատ, բայց շնորհքով էին հագնված, կարծիք չկա, զբոսարանական, մրցումից չէին վախենում:

Այս վերջինների թվին պատկանում էին տիկին Բերնարի