տեսակ սառն խոնավություն, որը միանալով կանթեղից առաջացած ծխի հետ, լցրել էր սենյակը մի անախորժ գարշահոտությամբ։
Այսուամենայնիվ, երիտասարդն առանց ոչինչ զզվանք զգալու մտավ այդտեղ և անցնելով նստավ թախթի պատվավոր տեղում, այսինքն այնտեղ, ուր դրված էր հին թավշապատ մութաքը: Նրա շարժվածքից երևում էր, որ առաջին անգամը չէ այցելում այս տնակին:
— Հա՛, տիկին Բերնարի կարանոցը գտնվում է Ս... փողոցի վրա, — շարունակեց երիտասարդն ընդհատված խոսակցությունը:— Այդտեղ մի աղջիկ կա Ելենա անունով. բարձրահասակ, գեղեցիկ դեմքով, սև և գրավիչ աչքերով, միով բանիվ բոլոր կարողուհիների մեջ նա ամենից գեղեցիկն է: Երեկ ես նրան պատահեցա այգիում յուր ընկերուհիների հետ զբոսնելիս: Հետո ավելի մոտիկից զննելու համար անձամբ մտի տիկին Բերնարի մոտ և նրան դիտամբ կես դյուժին շապիկներ պավիրեցի:
Այդ առիթով ես մոտեցա և այդ աղջկանը. նա հայուհի է. մի քառորդ ժամու չափ խոսեցի նրա հետ. նա ինձ կախարդեց. ես հիացած եմ նրանով. հասկանո՞ւմ ես հիացած եմ...
— Հասկանում եմ, որդի հասկանում եմ, բոլոր աղջիկներն առաջին անգամ քեզ հիացնում են...
— Ա՛յ, որ ոչինչ չես հասկանում, — նա բոլորովին ուրիշ աղջիկ է, ես մինչև անգամ նրան սիրեցի. հասկանո՞ւմ ես...
— Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, — ամենախոնարհ ձայնով պատասխանեց Սալոմեն:
— Այդպես. նա շատ սիրուն աղջիկ է, ես մինչև անգամ լավ տեղեկացա, թե նա ով է և որտեղացի է:
— Մի՞թե թիֆլիսեցի չէ:
— Ո՛չ, նա գավառական քաղաքներից է:
— Օ՜, օ՜, ասա կռո՜ է էլի. բաս բանը շատ դժվար պիտի գլուխ գա, — հուսհատաբար խոսեց Սալոմեն և շարժեց գլուխը:
— Դժվար — մժվար չգիտեմ: Այսօր հինգիշաբթի է,