Կյուրակե օ՛րը, չմոռանաս,- կրկին հիշեցրեց նա պառավին իր պստվերը և կառքը նստելով հեռացավ:
Ընթերցողները ճանաչեցին, իհարկե, որ այս երիտասարդը Սամվեն էր, որին նրանք տեսել էին Ալեքսանդրյան այգիում Բերնարի կարողուհիների ետևից դեգերելու ժամանակ:
Սալոմեն վերադարձավ յուր բնակարանը:
ԳՐԲԱՑ ՍԱԼՈՄԵՆ
Մեզ ծանոթ Սալոմեի արտաքին կերպարանքը հակակրական չէր, ինչպես այդ հատուկ է այս քաղաքի պառավներից շատերին: Նա կարճահասակ էր, կլորիկ և քաղցր երեսով, միշտ ժպտող բերանով: Նրա աչքերը թեպետ պառավությունից կկոցված, բայց դեռ պահել էին իրենց մեջ վաղեմի գեղեցկության հետքերը. խորշոմները դեռ բոլորովին չէին գրավել նրա այտերը, որոնց վրա միշտ փայլում էր մի կարմություն:
Նրա հայացքը երբեմն քաղցր էր և պարզ, և երբեմն սուր և խորհրդավոր: Սալոմեն թեպետ սիրուն էր շատախոսել, բայց նա յուր գաղտնիքներից ոչինչ չէր հայտնում յուր մերձավորներին, իսկ գաղտնիքներ նա շատ ուներ: Եվ այդ գաղտնիքների սկիզբը դրվեցավ այն օրից, երբ յուր հանգուցյալ ամուսին դերձակ Սանդրոն գինու տկճուրը մի ձեռքում և խորովածի շամփուրը մյուսում քարափից ներքև գլորեցավ և խեղդվեցավ Քռի մեջ: Հանգուցյալի համփոսններն ասում էին, որ իբր Սանդրոն հարբած լինելով գինու տկճուրը և խորովածը ձեռքին կամեցել է պարել քարափի ծայրին, բայց չկարողանալով պահել իրան, սահել է և գինու ու խորովածի հետ միասին գլորվել Քռի մեջ: Իսկ Սալոմեն, իհարկե, չէր հավատում Սանդրոյի համփսոնների պատմության, որովհետև յուր ամուսնու խեղդված գիշերը սուրբ Ծիրանավորը երևացել էր նրան և ասել էր, թե Սանդրոյին ինքն է տարել իր մոտ, որ սուրբերի համար շորեր կարի: Իսկ դրա փոխարեն սուրբ Ծիրանավորը տվել էր Սալոմենի մարգարեության