Էջ:Muratsan, vol. 1.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյանց սրտի հետ: Հայրական, սեր, մայրենի գորով, հարազատաց խանդաղատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա...

Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարագում և թշնամանում էին իրանց խորթ հավատը չդավանող ծնողներին: Այս բոլորին Մարիամը ծանոթ էր, նա այս մասին ավելի շատ տխուր պատմություններ գիտեր և ահա սրանք էին նրան այնքան վիշտ ու արտասուք պատճառողները: Եվ նրա նախազգացումը իրան չխաբեց:

Գրիգորը Կարոյի տունը գալով այնտեղ հավաքված գտավ բոլոր «եղբայրներին» և նրանց, որոնք անցած օրը խոստացած էին Ավետիքի «հոգեշահ» քարոզներին հաճախելու: Ընթրիքից առաջ քարոզիչը երկար խոսեց Կարոյի հյուրերի հետ: Նա յուր ատենաբանության նյութ էր առել դարձալ հայոց լուսավորչական կրոնը և նրանց հոգևորականությունը: Նա այնքան ճարպկությամբ հարմարեցնում էր յուր խոսակցությունը՝ նամանավանդ առաջին անգամ ներկա գտնվող հյուրերի հասկացողության և հոգեկան տրամադրությանը, որ նրանցից և ոչ մեկի մեջ չէր հուզում հակառակ զգացումներ:

Նորա առաջ նստած էին խեղճ և աղքատ արհեստավորներ, որոնք իրանց սրբազան կրոնը և եկեղեցին ճանաչում էին միայն այնքան, որքան իրանց ծնողներից սովորել էին: Դեռ հազար հինգ հարյուր տարուց առաջ «եղբայրություն և հավասարություն» քարոզող լուսավորչական եկեղեցու այդ հարազատ զավակները, մինչև անգամ գաղափար չունեին թե՝ մի եկեղեցի կարող է պակասություններ ունենալ կամ մեկը կարող է մյուսից առավելություններով գերազանցել: Նորանց համար անձանոնթ էին աստվածաբանների քրիստոնեության համար արած քմահաճ մեկնաբանությունները կամ