Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ երիտասարդը, — շարունակեց տիկին Բերնարը,— մի շատ պատվական երիտասարդ է. խելոք, ուսումնական և շատ հարուստ։ Նա յուր բարեկամուհու ձեռքով հայտնել է, որ քեզ հետ ուզում է ամուսնանալ, ուստի ամենից աոաջ ցանկանում է, որ քեզ կրկին տեսնե։

— Այդ բանի համար, տիկին, դուք իմ ծնողաց հետ պիտի խոսեք և ոչ ինձ հետ։

— Շատ լավ ես ասում, Ելենա, բայց քո ծնողներդ գավառացի մարդիկ են, նրանց չէ կարելի համոզել, որ քեզ թողնեն գնալ երիտասարդի մոտ, որ նա քեզ տեսնե դու ավելի շուտ մեզ կհասկանաս։

— Ինչպե՞ս թե գնալ երիտասարդի մոտ։

— Հապա նա իր տանն է ուզում քեզ տեսնել. նա մեծ մարդու որդի է, խո քո ոտքդ չի՞ գալու։

— Ներեցեք, տիկին, ոչ, ե՛ս կպահանջեմ, որ նա իմ ոտքը գա, և ոչ էլ ես կերթամ նրա մոտ. խնդրում եմ, թողեցեք ինձ հետ այդ խոսակցությունը և եթե կամենում եք, տեսնվեցեք իմ ծնողաց հետ, այդպես բաների վրա խոսել իմ գործը չէ։

— Լսի՛ր, Ելենա՛, ես քեզ ափսոսում եմ. դու քո բախտիցդ մի զրկվիր. այսպես բան էլ քեզ հետ չի պատահիլ: Քո ծնողներին նայելով՝ քեզ հետ կամուսնանա շատ-շատ մի հյուսն կամ մի դարբին։ Բայց սա քաղաքի ամենահարուստ մարդու որդին է. մոտ քսան և հինգ տեղ մեծամեծ տներ և հարյուրավոր խանութներ ունի, ապրում է իշխանի նման շքեղ պալատի մեջ. ման է գալիս սեփական կառետով. առջևը կանգնած ունի տասնյակ ծառաներ, աղախիններ և վերջապես քաղաքի առաջին մարդն է համարվում, նրա աչքը հարստության վրա չէ. քեզ տեսել է, հավանել է, և այժմ ուզում է ամուսնանալ քեզ հետ. մի՞թե հիմար չես լինիլ, որ մերժես նրա առաջարկությունը։

— Ես չեմ մերժում նրա առաջարկությունը տիկին, ընդհակառակը, ես բախտավոր կլինեմ այդպես ամուսին ունենալով, բայց այդ առաջարկությունն ինքս ընդունել չեմ կարող. այդ պարոնը պետք է իմ ծնողացը հայտնե յուր կամքը։

—Աղջիկ, դու գժվել ես, կամ ինձ չես հասկանում։ Նա