Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղղիր հագուստներդ,— ավելացրեց տիկինը,— որքան էլ գեղեցիկ լինիս, դարձյալ լավ չէ, որ այդպես քծծված մազերով և ջարդված շորերով երևաս այն երիտասարդի մոտ, քո պակասությունն էլ իմ կարանոցին է վերաբերում։

Ելենան գնաց։ Մի ներքին ուրախություն, որից դեռ չէր բաժանվում երկյուղի նման մի զգացմունք, լցրել էր նրա սիրտը։ Նա պետք է տեսներ ա՛յն երիտասարդին, որին սիրում էր, որը իրեն ամուսնություն էր առաջարկում և որը գեղեցիկ ու հարուստ էր…

Եվ նա գնաց լվացվելու։

Այդ միջոցին ներս մտավ և Սալոմեն, որը մինչև այն պահված էր ետևի սենյակում։

— Հա՛, ամեն բան պատրաստ է,— խոսեց տիկին Բերնարը նրան տեսնելով,— բե՛ր մնացած փողը, որ մեր հաշիվները վերջացնենք։

Սալոմեն ուրախությամբ տարավ ձեռքը գրպանը և հանելով մի քանի ծալած թղթադրամներ, տվեց տիկնոջն ասելով` «Երեկ ես վճարեցի ձեզ 250 ռուբլին և ահա ինչպես պայմանավորված էինք, տալիս եմ ձեզ մյուս 250 ռուբլին»։

Տիկին Բերնարը համարեց փողերը և գրպանը դնելով գլխի թեթև շարժումով շնորհակալություն արեց Սալոմեին։ Հետո նա պատմեց ինչ որ ինքը խոսացել էր Ելենայի հետ և պատվիրեց նրան, որ յուր խոսածների համաձայն վարվի և խոսա նրա հետ։

— Իսկ ինչ վերաբերում է Ելենայի երիտասարդի մոտ մնալուն, — ավելացրեց տիկինը,— նա կարող է մնալ այնտեղ այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա. նրա ծնողներին հարկ եղած պատասխանը ես ինքս կտամ։

Կես ժամից հետո Ելենան և Սալոմեն կարած շապիկներն իրենց հետ վերցրած, նստեցին մի ծածկված կառքի մեջ և ուղղվեցին դեպի Սամվել Փուլշատյանի առանձնարանը։