Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմը, կես ապշության և կես զարմացման մեջ։ Մի քառորդ ժամ այս թմրած դրության մեջ մնալուց հետո, նա հանկարծ բացականչեց.

— Ա՜հ, հասկանում եմ, հասկանում եմ...— և ապա կարծես ինքը յուր ձայնից սարսափելով, սկսավ կծել շրթունքները, խփել ճակատին և քաշել մազերը o՜, o՜, այս ի՞նչ արի ես… ի՜նչ արի… և մի՞թե ճշմարիտ է... մի՞թե այս բոլորը երազ չէ... մի՞թե ես անպատված եմ...— շարունակ հեծեծում էր խեղճ աղջիկը: Վերջապես նա դողալով ոտքի կանգնեց, մի քանի քայլ առաջ գնաց և կրկին կանգ առնելով, սկսավ ապուշ֊ապուշ յուր շուրջը դիտել։ Հետո հանկարծ աչքերը հառեց մի կետի վերա, որի մեջ կարծես որոնում էր մի բան, որ կորցրել էր… և մի րոպեից ետ սարսափահար շուռ տվավ երեսը, ճչաց և ուշաթափ փռվեցավ հատակի վրա։

Երևում էր, որ այդ տան մեջ ոչ ոք չլսեց խեղճ աղջկա ճիչը, որովհետև ոչ ոք էլ չմտավ նրա մոտ։

Թշվառ զոհը երկար Ժամանակ զգայազուրկ ընկած էր հատակի վրա։ Վերջապես նա կամաց֊կամաց սթափվեցավ, բացավ աչքերը և բարձրացավ նստեց աթոռի վրա։ Մի քանի վայրկյան ոգի առնելուց հետո նա արագ վեր թռավ տեղից, հագնվեցավ և դիմեց դեպի դուռը։ Նա այնքան շփոթված էր, որ դռան փեղկը բանալու համար շարունակ դեպի հակառակ կողմն էր ձգում և հետո կարծելով, որ կողպված է, սկսավ ոտքերով հարվածել նրան։ Այդ ձայնի վրա միայն երևեցավ տան աղախինը և բացավ դուռը։ Երկու անծանոթ հայացքներ պատահեցին միմյանց և մի քանի րոպե սևեռվեցան դեպի իրար։ Աղախնվո հայացքի մեջ պարզ կարդացվում էր կարեկցություն և խղճահարություն՝ անմեղ աղջկա դրության վրա, մինչդեռ Ելենայինը արտահայտում էր կատարյալ ապշություն։

— Դուք կամենո՞ւմ եք լվացվել,— հարցրեց առաջին անգամ աղախինը։

— Այո՛, կամենում եմ,— մեքենայաբար պատասխանեց Ելենան և հետևեց աղախնին, որը առաջնորդեց նրան դեպի ննջարանին կից լվացարանը։ Այդտեղ լվացվելուց և