ծնողները... աստված իմ, ես սարսափում եմ, թե ի՞նչպես կարող եմ երևալ նրանց աչքին…»։
Այս և սրա նման մտքերով բավական երկար տանջվեցավ խեղճ աղջիկը։ Ապա կես տխրությունից և կես հոգնածությունից նրա աչքերը ծանրացան և նա քնեց հենց այն փոքրիկ թախտի վերա, ուր նստած էր։
Երեկոյան դեմ բոլորը վերադարձան տուն, բայց Ելենայի բախտից ոչ ոք չմտավ այն սենյակը, ուր նա պառկած էր: Ամբողջ գիշեր նա հանգիստ քնեց այնտեղ։
Առավոտը մի ինչ որ գործի համար Նինոն մտավ այդտեղ և որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ Ելենային քնած-գտավ այգ սենյակի մեջ։— Ելենա, մի՞թե դու այստեղ ես...— ուրախությամբ բացականչեց նա և վազեց փաթաթվեց յուր ընկերուհուն, որ դռան ճռնչալուց արդեն զարթնել էր:
— Ա՜խ, այդ դո՜ւ ես, Նինո...— մրմնջաց Ելենան և գրկեց նրան։
— Ո՜րտեղ էիր դու, ասա, հոգիս, ուր էիր գնացել, ամբողջ քաղաքում քեզ պտրտում են։ Ո՜րքան մենք տխրեցինք, ո՜րքան լացինք. եթե գիտենայիր... ասա, խնդրում եմ, ո՞րտեղ էիր, երբ եկար այստեղ։
— Ինձանից ոչինչ մի հարցնիլ, Նինո, հոգյակս, ես այժմ ոչինչ չեմ կարող ասել քեզ...
— Ի՜նչպես թե ոչինչ չես կարող ասել, մի՞թե մի դժբախտություն է պատահել քեզ հետ։
— Ոչինչ, դժբախտություն չէ պատահել, միամիտ եղիր, միայն թե այժմ ես ոչինչ չեմ կարող խոսել, ես հիվանդ եմ...
— Ուրեմն սպասիր, որ տիկնոջն ու Շուշանին հայտնեմ` քո գալդ, նրանք էլ շատ անհանգիստ են։
— Ո՛չ, դեռ ոչ ոքին ոչինչ մի՛ հայտնիր, ամենից առաջ, խնդրում եմ պատմի՛ր ինձ, թե ի՞նչ է պատահել ինձանից հետո։ Դրանով դու ինձ շատ կպարտավորեցնես. իսկ հետո ես քեզ իմ ուր գնացած լինելս կասեմ:
Եվ Նինոն սկսավ մանրամասնաբար պատմել բոլորը, ինչ-որ երեկ անցել էր կարանոցի մեջ. նա շատ սրտաշարժ ձևով նկարագրեց և Ելենայի ծնողաց դրությունը, նա պատմեց