Ա
Ամենից առաջ բարեհաճեցեք լսել մի փոքրիկ պատմություն, որ անմիջապես կապ ունի իմ «պատկերի» հետ:
Հինգ տարի սրանց առաջ էր. հենց միևնույն երեկվա օրը, այսինքն ս. աստվածածնա տոնին. արհեստավոր հայ երիտասարդների մի փոքրիկ խումբ Վերայի այգիներից մինում քեֆ էր անում: Թամադան դերձան Սերգոն էր, մի գեղեցիկ, առողջակազմ և զվարճախոս երիտասարդ: Պետք է գիտենալ, որ դերձիկ Սերգոն ինչ ընկերության մեջ ներկա գտնվեր, այնտեղ քեֆը կատարյալ կլիներ: Այդ պատճառով էլ նրան ամեն տեղ թամադա էին ընտրում:
Բացի հիշյալ բարեմասնությունները, Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ և մինչև այն օրը, օրինակ, չէր պատահել, որ նա յուր ընկերներից մինին վիրավորեր, կամ նրանցից ինքը վերավորանք ստանար: Բոլոր տղերքը Սերգոյի արևով երդվում էին:
Բայց այդ օրը բանը շատ թարս պատահեց: Չգիտեմ ինչ դև մտավ խարազ Օհանի տղի գլուխը, որ նա կարևոր համարեց անպատճառ մի թամադայի օգնական էլ ընտրել: Նրա ընկերներից ոչ ոք այդ բանին չընդդիմացավ. վիճակ գցեցին և վիճակը ընկավ ոսկերչ Դարչոյի վրա: Սա էլ շատ լավ տղա էր, բայց դժբախտաբար միայն լուրջ ժամանակը. իսկ մի քանի բաժակ խմելուց ետ՝ չէր կարելի երաշխավորել թե հանգիս կարող է տեղը նստել:
Մի քանի ժամ քեֆը կանոնավոր շարունակվում էր.