բոլորը միասին գնացին և ներկայացան մեծապատիվ պաստորին։
Քարոզիչ Ավետիքը պաստորին ծանոթացրավ «եղբայրներից» յուրաքանչյուրի հետ, համառոտ ծանոթություններ տալով նրանց անցյալի և ներկայի վերա, և հետո ներկայացրավ յուր եռամյա գործունեության հաշիվը։ Այս հաշվից պաստորը բավականությամբ տեսավ, որ քարոզիչ Ավետիքը այդ ոչ շատ երկար ժամանակամիջոցում կարողացել էր երեսուն և երկու հոգի լուսավորչական հայերից դարձնել ավետարանականության։ Միայն շատ չախորժեց տեսնելով, որ ներկայացրած տոմարի մեջ քսանյոթ հոգի պարտական էին կենտրոնական սնդուկին բավական նշանավոր գումարներ։ Օրինակ, բազազ Հարությունը՝ 1200 ռ., նրա աներձագ Հովակիմը՝ 1400 ռ., մուշտակագործ Ալեքսանը' 1000 ռ., ոսկերիչ Կարապետը (մեր ծանոթ Կարոն)՝ 1500 ռ., ոսկերիչ Սիմոնը՝ 900 ռուբլի։ Սրանք բոլորը ստացել էին կանխիկ դրամ անհրաժեշտ պիտոյից համար։
Այնուհետև գալիս էին երկրորդական ճանապարհներով պարտապանները։
— Հյուսն Մաթեոսի տունը հրապարակական աճուրդից ազատելու և նրա պարտատերերը գոհաացնելու համար ծախսված էր 1100 ռուբլի։
— Նրա արհեստակից Սարգսին ձիու գողության մեջ բռնված լինելուն պատճառով 18 ամսվա բանտարկությունից ազատելու և ձիատերը գոհացնելու համար 160 ռուբլի։
— Նախկին առևտրական փականագործ Հովհաննեսին յուր կինը և որդիները յուր ուղղափառ դավանության դարձնելուն համար ընծա 300 ռուբլի, այլև նրա կնոջը և որդոց մի֊մի ձեռք հագուստ, արժեքը 120 ռուբլի։
— Գրագիր Դանիելի համար սեղանապետի պաշտոն ձեռք բերելու համար երկու անձանց բարեխոսությունը վաստակելու համար նվեր 250 ռուբլի, այլև նոր տարվա օրը նույն անձիքների համար ընծա երկու գլուխ շաքար և երկու գլուխ թեյ, 14 ռ. 40 կոպեկ։
— Փողհար Ասրիբեկի չհաս պսակը հաջողեցնելու համար նվեր 300 ռ.։ Եվ հետո այդ երկուսին