Է, որ միանգամից վճռում է մարդու բախտը դեպի երջանկություն կամ դեպի կործանումն, և սրան անվանում են սիրահարություն: Եթե երբևիցե սիրահարվել ես, դու անշուշտ կկարեկցես խեղճ Սերգոյին, որովհետև իսկույն կնկատես, որ նրա մեջ էլ արդեն սկզբնավորվում է այդ քաղցր հիվանդությունը. բայց եթե մինչև այսօր այդ ցավի համը առած չես, կուզենայի (ներիր անկեղծությանս) է որ դու առանց ղալմաղալի դուրս գայիր իմ ընթերցողների շարքից, ես կամենում եմ, որ ավելի զգայուն մարդիկ լսեն իմ պատմությունը։
Արեգակը վաղուց մայր էր մտել, մութը հետզհետե կոխում էր, և ուխտավորներից շատերը պատրաստվում էին հեռանալ դեպի իրենց տները։ Սերգոյի տնից ոչ ոք այստեղ չլինելով, յուր համար էլ անհարմար էր երկար դեգերել այս ու այն ընտանիքի շուրջը. ուստի երբ տեսավ, որ Մաշոն էլ պատրաստվում է մի ինչ որ ընտանիքի հետ դուրս գնալու, ինքն էլ ուղղեց յուր քայլերը դեպի տուն։
Դ
— Դեդի ջան, ո՞վ էր ա՛յն սիրուն աղջիկը, որ այնպես լավ պարում ու դահիրա էր խփում, — հարցրավ Սերգոն մորը, տուն մտնելով։
— Ի՞նչ աղջիկ, ո՞րտեղ։
— Վա, չտեսա՞ր, Խոջիվանքում...
— Որդի, ինչե՞ր ես հարցնում, հնա՞րքով ես ընկել, ի՞նչ է, ե՞րբ եմ Խոջիվանքում եղել:
Սերգոն նոր մտաբերեց, որ, իրավ, յուր դեդին այսօր այնտեղ չէր։
— Ա՜խ, գլուխս բոլորովին կորցրել եմ, — ինքն իրենից տրտնջաց նա և ապա դառնալով մորը, շարունակեց, — դեդի, այսօր Խոջիվանքում մի աղջիկ տեսա, մի աղջիկ, որ ասես թե աստղերիցն էր ներքև իջել. տե՛ր աստված, այնպես էլ բան կլինե՞ր, օ՜, հո՜, հո՜, մի սիրուն էր, մի դահիրա էր խփում,