— Թե ախպեր ես, սիրտս մի՛ տրաքացնիլ, ղո՞րթ նրա քույրն է։
— Վա, քո արևը, նա է, սո՞ւտ եմ ասում։ Ամա, հախ աստծու, ոսկի աղջիկ է, ոսկի։
Այս հայտնությունը կարծես թե Սերգոյի գլխին կայծակ իջեցրավ, նա շփոթվեցավ և ընկավ մտատանջության մեջ:
—Ա՛յ, դեդի, եթե Սերգոն այսպես թշնամություններ չաներ Դարչոյի հետ, Մաշոն նրա համար կուզեինք, —դարձավ Սանդրոն Սաբաթին, — նա մի անգին աղջիկ է, ու լավ էլ իրար սազ կգային:
—Ի՞նչ անեմ, որդի, Սերգոն իրեն էլ խայտառակեց, ինձ էլ, բաս ես չէի՞ ուզիլ,— տխրությամբ հարեց Սաբեթը:
Բայց Սերգոն այդ ժամանակ խորասուզվել էր մտածմունքների անհատակ ծովի տակ:
—Հա՛, ի՞նչ պատահեց քեզ. բաններդ մոշլա էլա՞ն,—կատակով ընդհատեղ նրան Սանդրոն:
—Վա՛յ իմ մեղքը. ես իմ ձեռքով իմ տունը քանդել եմ, էլ ի՞նչ հույս կարող եմ ունենալ … —ինքն իրրեն խոսում էր Սերգոն և գլուխը շարժում:
—Ի՞նչ պատահեց քոզ, ո՛րդի, ինչի՞ վերա ես ինքդդ քեզ հետ խոսում,—հարցրավ Սաբաթը անհանգստությամբ: Սերգոն ոչինչ չպատասխանեց և շարունակում էր ինքն իրեն մռթմռթալ: Բայց մի քանի վայրկյանից հետո հանկարծ տեղիցը վեր թռավ և բացականչեց.
—Դե՛դի, ես գնում եմ Դարչոյենց տուն...
—Ինչո՞ւ համար, որդի, ի՞նչ պատահեց:
—Ոչինչ. գնում եմ, որ չոքեմ Դարչոյի առաջ, նրա ոտքերը համբուրեմ, մեղա գամ իմ գործած անիրավությունների համար և հաշտվիմ նրա հետ...
—Բայց այսպես անժամանա՞կ...
—Վնաս չունի, եթե նրանք ինձ դուրս կանեն, էլի ետ կգամ, — ասաց նա և շտապով գդակը վերցնելով դուրս գնաց:
Սանդրոն ու Սամբեթը մնացին շվարած: