Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խիղճը տանջում է ինձ, ես կամենում եմ ազատվել այդ տանջանքից…

— Լավ, ես հավատում եմ և հաշտվում եմ քեզ հետ. ես քեզ ներում եմ, ես մոռանում եմ քո գործածները, դու ոչինչ թշնամություն չես արել ինձ…— Այս ասելով նա ձեռը մեկնեց Սերգոյին և երկուսը միասին իրար գրկելով համբուրվեցան, երկուսի աչքերն էլ ուրախությունից լցվեցան արտասուքով։

Քեթևանը նույնպես մոտեցավ նրանց, ուրախությամբ գրկեց երկուսին էլ, ճակատները համբուրեց, և ապա դառնալով Սերգոյին ասաց.

— Սերգո ջան, էլի մի բան ինձ համար մութ է։ Մինչև այսօր ինչ միջոցներ որ գործ դրինք, մենք քո սիրտը շահել չկարողացանք։ Մի ինձ ասա տեսնեմ, թե այժմ ի՞նչ պատահեց քեզ, որ հանկարծ այդպես փոխվեցար։

Սերգոն սկսավ մանրամասնաբար պատմել նրանց այն ամենը, ինչ որ այն օրը ինքը տեսել և զգացել էր։ Նա պատմեց ամեն ինչ անկեղծությամբ և առանց քաշվելու. Նա հայտնեց և այն, թե քանի՜ քանի՜ անգամ ինքն իրեն անիծել էր, որ Մաշոյի նման աղջկա եղբոր հետ նա այն աստիճան տմարդությամբ էր վարվել, ուստի և մինչև այն րոպեն յուր խիղճը անգթաբար տանջում է իրեն։

Այստեղ մայր և որդի հասկացան, որ երբեմն իրենց փափագած այդ թանկագին հաշտությունը շնորհել են նրանց միմիայն Մաշոյի գեղեցկությունը և շնորհքը…

Մի ստահակ սիրտ, որ երբեմն չէր ընկճվում ո'չ մայրական արտասուքների, ո'չ արդարադատության, ո՛չ քահանայի և ոչ անձնվեր մտերմության առաջ, այսօր նա ծունր է դնում գեղեցկության ոտքերի մոտ…

Եվ մի՞թե բնությունը անարդարությամբ է վարվում այստեղ. բնավ։ Եթե գեղեցկության համար սահման որոշենք միմիայն մարդկային դեմքը, մենք նրանից խլած կլինենք յուր մեծ զորությունը,. բայց եթե գեղեցկությունը արտափայլում է և՛ սրտի, և՛ հոգվո, և՛ մտաց, և՛ բարուց, մեջ, այն ժամանակ նա հայտնվում է իբրև մի ամենակարող ուժ, որի առաջ,