Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես մի հանցավոր արագ քայլերով խույս տվավ այդ փողոցից, կարծես վախենալով հանդիպել նրան:

Այսուամենայնիվ բախտը մեր Մարությանին հաջողում էր. պատշգամբի կիսաշրջազգեստը Վարդուհունը չէր. նա այդ ժամանակ զբոսնում էր պրոսպեկտի վրա յուր մի նօրեկ ազգականուհու հետ: Մարությանը վերադառնալով նրանց փողոցից, պիտի անցներ պրոսպեկտը և նա այստեղ նշմարեց հեռվից Վարդուհուն:

Ամոթը, երկյուղը և ուրախությունը միախառնվեցան նրա մեջ, նա կամենում էր և խույս տալ նրա աչքերից, և մոտենալ նրան...Վերջին ցանկությանը օգնեց ինքը՝ Վարդուհին տեսնելով հեռվից Մարությանին, նա ժպտաց և քայլերը ուղեցավ դեպի նրան:

Վերջինս յուր կողմից ավելի շտապեցրեց յուր քայլերը և նրանք շատ մտերմաբար ողջունեցին իրար, բայց երկուսն էլ միանվագ շառագունեցին. ինչո՞ւ համար, երևի իրենք էլ չգիտեին:

—Ես այսօր շատ խստությամբ խսեցի ձեզ հետ, դուք անշուշտ վիրավորվել եք, այնպես չէ՞, — հարցրեց Վարդուհին ծիծաղելով:

—Օ՜հ, ո՛չ, օրիորդ, ընդհակառակը, դուք շատ ճշմարտություններ խոսացիք և շատ գաղտնիքների խելամուտ արիք ինձ: Ես այսօր վրդովված էի և չկարողացա շնորհակալություն անել ձեզ. բայց մի փոքր առաջ ես որոշեցի գալ կրկին ձեզ մոտ, իմ այդ պարտքը հատուցելու համար:

—Եվ եթե ինձ չպատահեիք այստեղ, ուրեմն մեր տունը պիտի գայի՞ք, - ժպտալով հարցրեց Վարդուհին:

—Այո՛, օրիորդ, բայց գիտե՛ք... ես եկա, ճշմարիտն ասած, ամաչում եմ խոստովանել… եկա և ձեր պատշգամբի վերա հեռվից մի շրջազգեստ նշմարելով ձերը կարծեցի և ետ փախա:

—Ինչո՞ւ համար. չէ որ ասում եք, թե ինձ պետք է շնորհակալություն անեիք:

—Այո՛, բայց ամաչում էի կրկին երևալ ձեր աչքին: Վարդուհին ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ էլ շատ սիրեց երիտասարդի անկեղծությունը:

Մուրացան, հատոր I