Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ձեզ չեմ հասկանում ես։

—Իսկույն կհասկանաք։ Ես այժմ հառաջաբանությամբ չեմ խոսում, օրիորդ, որովհետև ձեզ ճանաչում եմ և այս բավական է։ Դուք գիտեք իմ անմիտ սիրո անցյալը, որի համար ես ի սրտե զղջում եմ. բայց չգիտեք այն, ինչ որ երեկվանից է սկսվել, ես ձեզ սիրում եմ։ Ձեր ինձ արած հանդիմանությունները փոխանակ իմ սիրտը վհատեցնելու, նրա մեջ նոր ուժ և կենդանություն են ներշնչել, ես ծանոթացել եմ ձեր արժանյաց և ձեր սրտի ազնվության հետ, և ես չեմ կամենում բաժանվիլ նրանից, այժմ հանդգնում եմ հարցնել — իրավունք կտա՞նք արդյոք սիրել ձեզ և հուսալ, որ կարող եմ սիրվել ձեզանից..

Վարդուհին լուռ նայում էր Մարությանի վերա և չէր պատասխանում։

— Դուք ուրեմն ստիպում եք ինձ հավատալ, որ ձեր լռությամբ արհամարհում եք իմ զգացմունքները, — կրկին խոսեց Մարությանը։

— Չե՞ք վախենում, որ ես էլ դավաճանեմ նրանց, հանդարտությամբ հարցրեց Վարդուհին։

— Ո՛չ, չեմ հավատում։

— Շատ լավ, լսեցեք։ Աննայից առաջ ես էի սիրում ձեզ և սիրում էի խելագարված...

— Աստված իմ, դուք ինձ անիծում եք, — զգացված բացականչեց երիտասարդը, — այդ անկարելի է...

— Լսեցեք, անկարելի ոչինչ չկա. ես ձեզ սիրում էի, ասում եմ, և այն ժամանակ, երբ ես քաղցր հույսերով օրորում էի ինձ, դուք իմ առաջ անգթաբար Աննայի սիրո խոստովանությունը արիք, ես սեղմեցի իմ կուրծքը և տարի ձեր ձեռքով ինձ համար պատրաստած տանջանքները։ Նրանից հետո տեղի ունեցած անցքերը դուք գիտեք... Այսօր էլ ահա նոր սիրո առաջարկություն եք անում ինձ։ Այժմ ձեզանից եմ հարցնում` ընդունե՞մ այդ առաջարկությունը, թե ոչ։

— Ո՛չ, օրիորդ, մի' ընդունեք, մի անարժան մարդու անմտությունը թող արատ չբերե ձեր ազնիվ զգացմունքներին և ձեր մեծանձնությանը, թողեք, որ տանջվի այդ մարդը, որովհետև նա արժանի է յուր հատուցման...