Վերջապես հարսանյաց օրը հասավ։ Գիշեր էր և գեղեցիկ լուսին, բայց Լազարյանների տունը ստվեր էր գցում այդ լուսնի վերա։ Նա լուսավորված էր շատ շքեղ և գրեթե աչք շլացնելու չափ փառավոր։ Դրսից նրան զարդարում էին հարյուրավոր լապտերներ գույնզգույն կրակներով, իսկ ներսում վառվում էր ջահերի ու ճրագների մի կատարյալ հրդեհ։ Երաժշտությունը, որ որոտալով թնդում էր ներսում, հավաքել էր այդ տան չորս կողմը մի բազմաթիվ ամբոխ, որը հիացմունքով դիտում էր հարուստների ուրախությունը։
Իսկ տան մուտքի առաջ, ուր վառվում էին գազեղեն ղամբարները, խռնվել էր կառքերի և դեսպակների մի ահագին կույտ: Ոստիկանական պաշտոնյաները ջերմեռանդությամբ հսկում էին այդտեղ կարգապահությանը։
Գիշերվա ճիշտ տասներկու ժամին Լազարյանների փողոցը մտան իշխանական ընտանիքի քառալուծ կառքերը, որոնց հետևում էին բազմաթիվ փեսավերները իրենց բազմազան կառքերով և դեսպակներով: Իսկույն երաժշտական խումբը դուրս եկավ փողոցը (այդպես էր ցանկացել Վասիլ Իվանիչը) և թանկագին հյուրերի գալուստը ողջունեց մի որոտաձայն և երկարատև տուշով:
Վերջապես փայլուն նորեկները դուրս եկան և ցրվեցան հոյակապ դահլիճների մեջ, յուրաքանչյուրն իրեն արժանավայել տեղ ընտրելով յուր համար: Բայց իշխան փեսային ինքը տիկին Լազարյանն առաջնորդեց դեպի յուր համար պատրաստած փառավոր գահույքը, որի վերա արդեն բազմած էր օրիորդ Աննան յուր մեծավայելուչ փառքով: Երկու զույգերն էլ արժանի էին միմյանց:
Իշխան Շահ-Մելիքյանը, յուր վայելուչ հասակով, գեղեցիկ դեմքով, գեղագանգուր մազերով, ազնվական շարժվածքով և վերջապես յուր նրբաճաշակ զգեցվածքով գերազանցում էր գրեթե բոլոր հյուրերին: Նրա տարիքով լինելը բնավ չէր նշմարվում: Աղջիկներից շատերը նախանձում էին Աննայի բախտին, իսկ մանկամարդ տիկիններից յուրաքանչյուրը, միայն իրեն էր արժանի համարում այդ ազնվական իշխանի ամուսինը լինելու:
Օրիորդ Աննան, ընդհակառակն, երիտասարդների