Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրելի մարդիկ չեն կարող լինել, որովհետև ինչ տուն. որ մտնում են, ամեն տեղ խռովություններ ու գժտություններ են սերմանում։ Դու պետք է հեռանաս այդ մարդիկներից...

— Մարիա՚մ, ես էլ երկար խոսել չեմ կամենում, դու պետք է վճռաբար հայտնես ինձ՝ ընդունո՞ւմ ես իմ խնդիրը, թե՞ ոչ:

— Ինչո՞ւմն է կայանում քո խնդիրը։

— Ահա թե ինչում. առաջին՝ դու չպետք է այսուհետև եկեղեցի գնաս և ոչ երեխաներիդ տանես, այլ Կարոյի կնոջ հետ նշանակած ժամին կգաք մեր ժողովարանը և այնտեղ կանենք ձեր աղոթքը, երկրորդ՝ կարգելես քահանաներին մեր տուն մտնել. երրորդ՝ կթողնես բոլորովին պահք պահելը. չորրորդ կմոռանաս քո այդ հազար ու մի սրբերին ուխտ գնալը կամ մատաղներ մորթելը. հինգերորդ...

Այս խոսքերը խոսելու ժամանակ Մարիամի դեմքը հետզհետե մռայլվում էր, կուրծքը բարձրանում էր և իջնում և սիրտը տրոփում էր այնպես, որ կարծես թե պատրաստվում էր մի մեծ կովի համար։ Վերջապես նա ուղղվեցավ աթոռի մեջ և բարկացայտ աչքերը սևեռելով ամուսնու աչքերին՝ խրոխտ ձայնով ընդմիջեց նրա խոսքը.

— Դու քո մտքումդ հաստատապես դրել ես, որ այդ բոլոր ասածներդ անե՞լ տաս ինձ։

—Այո՛, և ես այդ բանը խոստացել եմ մեր պաստորին և մեր քարոզչին:

—Շա՜տ իզուր ես արել: Ես քո առաջարկներից և ոչ մեկը պետք է ընդունեմ: Ականջներդ բաց լավ լսիր և գնա քո անխիղճ վարժապետներիդ էլ հասկացրու, որ եթե Քրիստոսի չարչարանքներն էլ տաք ինձ, ես ձեր պահանջածներից և ոչ մեկը պետք է կատարեմ: Այս է իմ միակ և վերջին վճիռը:

Այս ասելով նա արագությամբ բարձրացավ տեղից և ուղղվեցավ դեպի դուռը:

—Մարիա՞մ, Մարիա՜մ, լսիր ինձ, տես թե ի՞նչ եմ ասում, — կոչում էր ամուսինը ետևից:

—Ոչ, այլևս ես քեզանից ոչինչ լսել չեմ կամենում, և ոչ էլ երբևիցե քո երեսը տեսնել եմ ուզու, իմ ամուսինը մի տարի սրանից առաջ է մեռել, և ես այժմ այրի եմ...