Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա հենց այս տեսարաններից մեկն էր, որին ընթերցողները հանդիսատես եղան այս պատմության առաջին գլխում:

Զ

Ինչպես յուր տեղը պատմեցինք, և ինչպես կհիշեն ընթերցողները, երբ Խաթուն մայրիկը Մարիամին ու նրա երեխաներին առնելով տարավ յուր տունը, նրա ամուսնու, այն է վարպետ Սարգսի հրամանավ մի քանի երիտասարդներ ոսկերիչ Գրիգորի ձեռքերը կապելով, ժամավորների մեծ բազմությամբ տարան նրան գավառապետի մոտ:

Ճանապարհին հետաքրքիր բազմությունը հետզհետե խռնվում էր նրանց վերա և այդպիսով բազմացնում այդ բողոքավորների խումբը: Երբ նրանք հասան գավառապետի տունը, բակում կանգնած ոստիկանական պաշտոնյաները իսկույն իմացում տվին այս տարօրինակ խնդրարկուների մասին թաղական ոստիկանապետին: Ոստիկանապետ հայազգի Դանիել—բեկը իսկույն դուրս եկավ նրանց առաջ և շփոթված սկսավ հարցնել, թե ի՞նչ պատճառավ այս մեծ ամբոխը այսքան վաղ հավաքվել էր գավառապետի բակը:

Ամբոխի միջից դուրս եկավ վարպետ Սարգիսը, բռնած ոսկրիչի թևից և նրան առաջ քաշելով՝ «Աղա՛, ասաց, — մենք եկել գավառապետի մոտ նրա արդար դատաստանին մատնելու համար այդ չարագործ մարդուն, որ ահա ամբողջ երեք տարիներ է, չարչարում, տանջում է յուր կնոջը և որդիներին, որոնց այսօր էլ մենք ենք ազատել սրա ձեռքից տանջված ու գանակոծված»։ Այս համառոտ բացատրությունից հետո վարպետ Սարգիսը մի քանի բան էլ պատմեց ոստիկանապետին ոսկերիչի քառամյա անցյալից և լռեց։

Ամբոխը հետաքրքրությամբ սպասում էր ոստիկանապետի պատասխանին, բայց նա ոչինչ չպատասխանեց, այլ միայն մի խորհրդավոր ակնարկ ձգելով ոսկերիչի վրա, լուռ ու մունջ ետ դարձավ և մտավ տուն։

Անժույժ երիտասարդներից ոմանք ատամները