Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մի փոքր մրսել է, — ասում էր նա,— մի դեղ կտամ և մինչև առավոտ ամեն բան կանցնի»: Սակայն հետևյալ առավոտը հիվանդի դրությունը ավելի վատթարցավ: Սրան էլ կարծես հետևում էր եղբայրը: Նրա պարանոցի ուռուցքը ավելացել էր, գրեթե երեկվա տեղափոխության ժամանակ ցուրտ առնելու պատճառով: Մահտեսի Հարությունը խորհուրդ տվավ, որ թույլ տան իրեն երեխայի ուռուցքը հերյունով (նշտար) պատռելու, նրան ոչ ոք չհանդիմացավ, սակայն այդ գործողությունը ավելի ևս բորբոքեց նրա պարանոցի վերքը, և ուռուցքը ավելացավ:

Այն սենյակը, ուր պառկած էին հիվանդները մտնողի վերա շատ տխուր տպավորություն էր անում: Մայր, աղջիկ և տղա մի շարքով տարածված հեծում էին հիվանդության ծանրության տակ: Ոչ մեկը մյուսից ավելի հուսալի դրության մեջ չէր գտնվում:

Խաթուն մայրիկը և յուր հարսները կրկնապատկում էին իրանց ջանքերը: Նրանք կարծես թե մոռացել էին իրանց տան հոգսերը և միմիայն հիվանդներով էին զբաղված: Որքան դեղ ու դարման գիտեին թե՛ իրանց բժիշկը, թե՛ իրանք և թե՛ ազգական այցելուները, բոլորը գործ էին դնում: Աշոտը նույնպես թողած էր յուր պարապմունքը, ամբողջ օրը այս ու այն կողմ էր վազվզում, երբեմն. բժիշկ մահատեսու ետևից, երբեմն դեղատուն, երբեմն շուկա և այլն, իսկ այս գործերը կատարելուց ետ գալիս էր և լուռ ու մունջ նստում Մանիշակի անկողնի մոտ: Նրա աչքերը անընդհատ ուղղվում էին նրա դեմքի վրա, որպեսզի հիվանդը որևէ պահանջմուք ունենալուց ինքը պատրաստ լինի: Նա գիշերներն անգամ յուր մոր հետ միասին անքուն հսկում էր հիվանդների մոտ, չկամենալով ոչ ոքի հանձնել մանավանդ Մանիշակի խնամատարությունը:

Ընթերցողը անշուշտ հիշում է, որ, չորս տարի սրանից առաջ վարպետ Սարգիսը ոսկերիչ Գրիգորի մոտ, հացկերության ժամանակ խնդրեց վերջինից Մանիշակի ձեռքը յուր Աշոտի համար, և որ այս խնդիրը կատարվեցավ բոլոր հյուրերի համաձայնությամբ և նրանց կենաց համար բաժակները դատարկելով: Ծնողների խոսածները լոկ խոսքեր