— Այո, — երկյուղով պատասխանեց մահտեսին։
— Քանի՞ օր է, որ հանձն ես առել հիվանդների բժշկությունը։
— Երկու,— պատասխանեց նա։
— Ո՛չ, ութերորդ օրն է այս,— մեջ մտավ Աշոտը,— մահտեսին չէ կամենում ճշմարիտը խոսել։
— Պարոն,— բարկությամբ դարձավ բժիշկը դեպի մահտեսին,— դու հիշում ես, որ մենք մի անգամ էլ հանդիպեցինք միմյանց հետ, և ես քեզ հրամայեցի չհանդգնել այսուհետև բժշկություններ անել, իսկ դու մոռացե՞լ ես իմ խոսքերը, լա՛վ, ես այժմ քեզ հետ ուրիշ կերպ կվարվիմ։
Մահտեսի Հարությունը գունաթափվեցավ, իսկ դոկտորը վերարկուն առնելով բարկացած և անխոս դուրս գնաց։
Վարպետ Սարգիսը, Խաթունը և Աշոտը վազեցին նրա ետևից և առաջ առնելով՝ խնդրում էին, որ եթե չէ կամենում դեղատոմս գրել գոնե հայտնե նրանց, թե հիվանդները կառողջա՞նան, թե՞ ոչ։
— Երեքին էլ վաղը կթաղեք,— դառնությամբ պատասխանեց բժիշկը և դուրս գնաց բակից:
Խաթունը և վարպետ Սարգիսը մնացին արձանացած և ակնապիշ նայում էին միմյանց, իսկ Աշոտը սկսավ թուլանալ և ընկավ դռան քարի վրա: Ծնողները և հարսները մեծ ջանք դրին, մինչև որ նրան ուշքի բերին: Այսուամնայնիվ նա դեռ թմրած նստել էր քարի վերա և երկար չէր շարժվում այն տեղից: Նա անզգա էր թե՛ ծնողաց և թե՛ յուր հարսների աղաչանցը, նա ոչինչ չէր լսում: Բայց մի քանի վայրկյանից հանկարծ նա տեղից վեր թռավ, հափշտակեց գետնի վրա ընկած վանդակի ձողը և խելագարի պես վազեց տուն.
—Ո՞ւր է այն անզգամը,— կատաղությամբ գոչում էր նա,— նա սպանեց այս խեղճերին, ես էլ նրան պետք է սպանեմ:
Նա որոնում էր մահտեսի Հարությունին, բայց նա վաղուց փախուստ էր տվել նրանց աչքերից: