տանը և դեռ առավոտը տուն չէր վերադարձել: Իսկ քարոզիչը որովհետև վաղ առավոտ շուկա էր եկել պաշարեղեն գնելու համար, այդտեղ նա լսել էր ոսկերիչի կնոջ և որդկերանց մահը: Այդ լուրը նրա վրա շատ վատ ազդեց: Բայց սառնությամբ և հեռատեսությամբ գործելն յուր սովորություն արած լինելով՝ նա չայլայլվեցավ, այլ իսկույն ևեթ «եղբայրներից» մի քանիսին ղրկեց տուն, որ Գրիգորին զբաղեցնեն մինչև յուր տուն դառնալը: Հետո մի քանի հոգու համար գնած իրեղենների վերա դարձյալ պաշար ավելացնելով՝ հանձնեց ծառային և պատվիրեց տասն և երկու հյուրերի համար ճաշի պատրաստություն տեսնել: Այս ամենից ետ ինքը շտապեց պաստորին և մյուս «եղբայրներից» մի քանիսն տեսնելու: Մի ժամից ետ նա վերադարձավ ութ հոգի էլ յուր հետ ունենալով: Նա ոսկերիչին հայտնեց, որ այսօր մտադիր է մի փոքր խնջույք սարքել, որովհետև յուր քարոզիչ նշանակելու տասներորդ տարին հենց այդ օրը լրանում է:
—Իսկ վաղը,— ավելացնում էր նա,— քեզ հետ միասին շատ առավոտ պիտի ճանապարհվիք Ծառաձագ գյուղը մեր հոտին վերաբերյալ մի քանի գործերի համար:
Ոսկերիչ գովեց նրա մտադրությունը և պատրաստակամություն հայտնեց յուր կողմից նրա հետևելու:
Քարոզչի անգութ մտադրությունը հետևայալն էր: Նա կամենում էր այդ հնարներով նույն օրը ոսկերիչին զբաղեցնել, այսպես որ նա չկարողանար դուրս գալ և կնոջ ու որդկերանց մահը լսել, իսկ յուր տունը համոզված էր, ոսկերիչին փնտրելու համար եկող չէր լինի. հետո վաղ առավոտյան նա պաստորի խորհրդով, ոսկերիչին առած կերթար Ծառաձագ, որ քաղաքից 60 փարսաղ հեռավորություն ուներ: Նա այդտեղ զանազան պատրվակներով ոսկերիչին պիտի ուշացներ մի ամիս, իսկ այդ միջոցում պիտի նախապատրաստեր նրան յուր ընտանյացը հասած դժբախտության գույժը հենց այդ գյուղում առնելու, ըստ որում պաստորի ասելու եթե նույն օրը հայտներ նրա այդ բանը՝ «տիրոջ» հոտի համար կարող էին վնասակար անպատեհություններ տեղի ունենալ:
Բայց պաստորից և քարոզիչ նախատեսված հաշիվները