Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան երկու հակադիր ճակատների վերա, որոնցից մեկը նայում էր ուղղաձիգ փողոցի, իսկ մյուսը ծովի և նավահանգստի վրա։ Տան թե դրսում և թե ներսում տիրում էր միօրինակ մաքրություն։ Բակի մեջ չէր նշմարվում ոչ մի խոիվ, քարի կամ աղյուսի կտոր, ամեն բան յուր տեղում, ամեն ինչ կանոնավոր։ Սենյակները կանոնավորված էին պատշաճավոր կարասիքներով առանց շռայլության և առանց գծուծ խնայողության։ Այն պարզ զարդարանքները, որոնք մի տան տիկին կարող է պատրաստել, գրոից չէին հայթայթված։ Վարագույրներ, սեղանի սփռոցներ, օթոցների և բարձերի երեսկալներ և այլ առտնին պաճուճանքներ բոլորը քույրս յուր ձեռքով էր կարել կամ ասեղնագործել, առանց այդ ամենի համար յուր ամուսնու բյուջեն ծանրաբեռնելու։

Մինչդեռ ես հյուրասենյակի մեջ զննում էի իմ քրոջ ձեռագործները նա ներս մտավ։

— Որքա՜ն գեղեցիկ ձեռագործներ ունիս դու, քույրիկս,—բացականչեցի ես դիմելով դեպի նրան,— ես բոլորովին հիացած եմ։

— Ճշմարի՞տ, դու չե՞ս շողոքորթում,— ժպտալով մոտեցավ նա ինձ և քնքշաբար յուր թևը պարանոցս պատելով նայեց իմ աչքերին այնքան բարի և այնքան ուրախ հայացքով, որ կարծես յուր դեպի ինձ ունեցած խանդաղատանքը կրկնապատկվում էր'՝ իմ նրան ուղղած, մի երկու գովասանական բառերով։

— Շողոքորթե՞լ, ինչու համար, մի՞թե ճշմարտությունը ասել նշանակում է շողոքորթել,— պատասխանեցի ես, ցանկանալով այս խոսքերով ավելի ևս գոհացնել նրան։

Եվ իմ պատասխանը արդարև մեծ ուրախություն պատճառեց քրոջս։ Նա սկսավ մի առ մի ցույց տալ ինձ յուր տնտեսական հեղինակություններից և ուրիշ շատ բաներ, որոնք մինչև այն ես տեսած չէի, և պատմել մինչև անգամ նրանց ամեն մեկի համառոտ պատմությունը։ Ես մեծ գոհունակությամբ լսում էի քրոջս և զվարճանում, որովհետև պարծենալու այգ անմեղ ցանկությունը ոչ միայն բնական էի գտնում նրա մեջ, այլև ինքս իրավունք էի տալիս նրան պարծենալու։