Էջ:Muratsan, vol. 2.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վերցրած աշխատությունները հանգստությամբ պատրաստելու:

Մի տարին դեռ նոր էր լրացել Միկիթի դատարան մտնելու օրից, երբ հանկարծ հայտնվեցավ, որ նա այնքան փող ունի, որ կարող է 20, 30 կամ 50 ռուբլով պարտք տալ ցանկացողներին։ Հարկ չկա ասելու, որ դատարանի ծառայողները պատրաստ էին ամեն տեսակ պայմաններ ընդունելու, եթե միայն կարևոր միջոցին կարողանային մի քանի տասնյակ ռուբլի պարտք վերցնել նրանից։ Եվ ահա՛ մեր հացթուխի տղան բանում է դատարանի մեջ վաշխառության մի գաղտնի բյուրո: նա յուր ծառայակիցներից գրավ էր ստանում ժամացույցներ, մատանիներ և ուրիշ ամեն տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն իրեղեններ, իսկ նրանց արժեքի կես մասի փոխարեն նա նրանց փող էր պարտք տալիս, հարյուրին 20, 30 և երբեմն 50 տոկոսով։ Քիչ ժամանակի մեջ դատարանի բոլոր ստոր ծառայողները Միկիթի հետ կապված էին առևտրական կապերով և ինչպես վարձված ստրուկներ, նրանցից յուրաքանչյուրը ամեն ամսվա վերջում տալիս էր նրան մի որոշ հարկ։

Բայց սրանով չպիտի վերջանա, իհարկե, Միկիթի գործունեությունը։ Դեռ նրան մնում էր մի ուրիշ մեծ գործ, որ գլուխ բերելու համար նրան հարկավոր էր գործ դնել թե՛ խորամանկություն և թե մեծ աշխատություն։ Այդ այն էր, որ Միկիթը դեռ մի հասարակ գրագիր էր, իսկ այդ պաշտոնը ինքնըստինքյան մի ստոր պաշտոն էր այնպիսի մարդու համար, որպիսին Միկիթն էր, որի ճաշակը գնալով զարգանում էր և ախորժակը բացվում։ Մի օր նրա բոլոր ցանկությունը կայանում էր նրանում, որ եթե ոչ սեղանապետի օգնական, գոնե գրագրապետ լիներ։ Բայց այսօր, որ նա յուր աշխատասիրության շնորհիվ հենց այդ պաշտոնումն էր, ցանկանում էր ոչ թե սեղանապետ, այլ մինչև անգամ և ատենադպիր լինել։ Եվ այն օրից սկսած, որ նա եկավ այն համոզմունքին, թե չկա մի արգելք, որ անընդհատ աշխատության առաջ կարողանա կանգուն մնալ, Միկիթը էլ հանգստություն չուներ։ Գրագրապետ կարգվելու օրից դեռ չէր անցել մի տարի, երբ նա սեղանապետի օգնականի պաշտոն