Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գեր ու կլորիկ մարմնով ծանրաշունչ բարձրանում էր սանդուղքների վերա։

— Ձեզ մոտ ամեն բան լավ է, բացի այս սանդուղքները, որոնք ինձ չափազանց հոգնեցնում են,— տանուտիրական վստահությամբ նկատեց Միկիթ-բեկը, երբ հասավ փոքրիկ պատշգամբին, ուր ժպտադեմ սպասում էր նրան պ. Թովմասը։

—Այո՛, այո՛, նա խիստ զառիվեր է. անիծյալ լինի ուստա Սարգիսը, ես դեռ շինելու ժամանակ նրան ստիպեցի քանդել և ուղղել, բայց նա չլսեց,— պատասխանեց իսկույն Թովմասը և ապա սիրալիր բարեկամությամբ ողջունելով Միկիթ-բեկին, առաջնորդեց դեպի սեղանատունը։

— Ես ձեզ ուղղակի այստեղ եմ բերում նրա համար, որ արդեն ճաշի ժամանակն է,— բացատրեց Թովմասը և ամենալավ բազկաթոռը հրամեցրեց յուր հյուրին, որ շնորհքով բացված սեղանը ու փայլուն շշերով գինիները տեսնելուց ետ, արդեն հոգեկան հափշտակության մեջ էր մտել։

— Այո՛, պ. Թովմաս, այո՛, ժամը երկուսից ետ էլ ոչ մի սենյակ ինձ չէ գրավում. սեղանատունը այդ ժամանակ ամենասիրելին է ինձ համար,— ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը և նստելով առաջարկած բազկաթոռի վերա՝ սկսավ ոլորել յուր փոքրիկ ընչանցքի ծայրերը, որոնց հովանավորում էր հայկական մի փառավոր քիթ։ Նրա կարմիր ու կայտառ երեսի վերա արտափայլում էր այդ րոպեին մի այնպիսի զվարթություն, որ ունենում են միայն երեխաները, երբ հայրը նրանց համար խաղալիքներ է բերում և կամ անուշ մրգեղեններ։ Յուր խորամանկ և երբեմն ծիծաղկոտ աչքերը, որոնց մեջ պ. Թովմասը մեծ խելք էր նշմարում, նա անդադար հածում էր սեղանի մակերևույթի վերա, ուր կարգով շարված էին նախաճաշի համեղ և բազմատեսակ բաժինները.

Թովմասը նստավ սեղանի վերա և առաջարկեց հյուրին վայելելու աստուծո տվածը։

— Այսուամենայնիվ դուք բավական զարգացացած ճաշակ ունիք,— նկատեց Թովմասին Միկիթ-բեկը՝ առաջ քաշելով յուր բազկաթոռը.— այս քանիերորդ անգամն է, որ ես ձեր տանը միշտ փառավոր եմ տեսնում սեղանը։ Եվ պետք