գեղեցիկ հասակ, առողջ կազմվածք, սիրուն աչքեր. մի փոքր երեսն է ծաղկատար էլի'. դա Հո մի մեծ պակասություն չէ։ Իսկ դրա փոխարեն, որ նա լեզուներ է սովորել, մուզիկ գիտե և էլ ուրիշ չգիտեմ ինչ բաներ, մի՞թե դրանք ոչինչ։ Ուսում առած տղաները այնքան էլ աղջկա գեղեցկության չեն նայում, այլ նրա գիտությանը։
— Բայց ո՞րտեղ են այդ ուսում առած տղաները, որ համաձայնվեն քո աղջկա հետ ամուսնանալու։
— Ամեն տեղ. ա՛յ մեկը հենց իմ հորանց դրացի Մարալյանի եղբոր տղան չէ՞…
— Ո՞րը։ Թովմասի եղբոր տղա՞ն։
— Այո՛։ Թովմասի եղբոր տղան. անցյալները մայրը ասում էր, թե այս տարի ավարտում է յուր ուսումը. ասում էր, թե պետք է բերեմ և ամուսնացնեմ։
Մելքոն-աղան ծիծաղեց։
— Ինչո՞ւ համար ես ծիծաղում։
— Նրա համար, որ դու կարծում ես, թե Թովմասի եղբոր տղան, այն էլ Թիֆլիսից վերադարձող տղան, պիտի գա և մեր աղջկան ուզե։ Ուրիշ մարդ ունիս՝ նրա համար խոսի՛ր։
— Թովմասի եղբոր տղան ի՛նչ մի մեծ մարդու որդի է, որ մեր աղջիկը չուզե. նրանից շատ լավերը ոտքդ կհամբուրեն։
— Այդ լավերը դեռ չգիտեմ ինչ կանեն, միայն նրա համար ասում եմ, որ նա չի ուզիլ։
— Վերջապես ինչ մեծ ցավ է դառել քեզ համար Նատաշան, մի՞թե նա այդքան էլ դեն գցած աղջիկ է։
— Այո՛, Անիչկա. նա է իմ միակ ցավը. նրանից ի զատ ես ուրիշ ցավ չունիմ։
— Լավ, ի՛նձ թող նրան ամուսնացնելու հոգսը։ Այս խոսքի վերա դռան հնչակը քաշեցին, և մի վայրկյանից ետ երևեցավ ծառան, որ հայտնեց թե` պ. Թովմաս Մարալյանր կամենում է Մելքոն֊աղային տեսնել։
Երկու ամուսինները զարմացած սկսան նայել իրար վերա։