Էջ:Muratsan, vol. 2.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սկզբից էլ ես այնքան հավանել եմ ձեզ, թե՛ իբրև մասնավոր մարդու և թե՛ իբրև վաճառականի, որ ես ամենամեծ ուրախությամբ կընդունեմ ձեր բարեկամությունը։ Ինչով կարող եմ օգնել ձեզ, ասացեք, ես պատրաստ եմ ձեզ ծառայեյու։

— Շնորհակալ եմ, դուք չափազանց բարեսիրտ եք, այո՛, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա, բայց այդ շնորհը այնքան մեծ է, որ ես արդարև ամաչում եմ ձեզ հայտնելու: Իմ խնդրածս իսկապես շնորհ էլ չէ, այլ մի զոհաբերություն… Եվ այս է պատճառը, որ ես չեմ կարողանում վստահությամբ հայտնել ձեզ իմ խնդիրը։

— Խնդրեմ, խնդրեմ, դուք իրավունք ունիք ամենայն վստահությամբ ինձ հետ խոսելու։ Ինչ էլ որ լինի ձեր խնդիրը, ես հոժարությամբ կկատարեմ, միայն թե կարողանամ։

— Կարողանալը` կարող եք, բայց չգիտեմ, իրավունք ունիմ արդյոք այս տեսակ խնդիր ձեզ առաջարկելու։

— Դեռ հայտնեցեք ձեր խնդրի տեսակը, այն ժամանակ կտեսնենք` կարո՞ղ ենք, թե ոչ,— ծիծաղելով նկատեց Մելքոն-աղան։

— Շատ լավ. ահա թե բանը ինչումն է։ Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…

— Այո, գնդապես Սոլատկովսկու մոտ,— ընդհատեց Մելքոն-աղան։

— …Աճուրդ պետք է լինի։

— Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք։

Պ. Թովմասը լռեց։ Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ։ — «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…»,— զգուշաբար մտածեց Թովմասր և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վրա։

— Հա։ Ինչո՞ւ չեք շարունակում,— հարցրեց վերջինս։

Թովմասր լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա։