Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զգացմանց տիրացած մարդու համար ապրել փոշոտած մարմին, ծխոտած երես, կոշտ բնավորություն և վարմունք ունեցող դարբինների ու մեքենայագործների հետ և կամ խավարամիտ, խելքով ու մտքով աղքատ, զդացմունքների նրբությունից զուրկ և կիսով չափ վայրենի շինականների շրջանում։ Որքան էլ դուք ճառեր խոսեք և այս տեսակ մարդկերանց բախտավորությունը դրվատեք, այսուամենայնիվ ես չեմ կարող համոզվել, թե մի զարգացած մարդ կարող է այդ հակակրական շրջանների մեջ բախտավոր ապրել։ Դեռ ոչինչ չեմ խոսում այն անհայտ և աննշան կյանքի մասին, որ ստիպված են վարելու թե՛ մեքենայագետը և թե՛ գյուղատնտեսը, հեռու, կորած անկյունում, ուր երկար տարիներ չարչարվելով ու տանջվելով, անհայտ ու անծանոթ էլ մեռնում, կորչում են։

Վերջապես մարդու մեջ կա մի որոշ չափով փառասիրություն, որ ցանկանում է ապրել և իբրև ընկերական, իբրև հասարակական մարդ, գործել հասկացող մարդկերանց շրջանում, հարգել ընկերներին և հարգվիլ նրանցից։ Մի՞թե կրթությունը և զարգացումը, հենց նույնիսկ գիմնազիոնական, նրա համար ենք ստանում, որ խավարի և տգիտության սահմաններում նրանց ավելորդ լինելը ողբանք։ Ոչ, ես ընդդեմ եմ ձեր պաշտպանած մասնագիտություններին։ Բժջկաթյուն. ահա՛ և՛ օգտավետ, և՛ պատվավոր մասնագիտություն։ Այդ գործով պարապող մարդը, եթե միայն խղճմտանքով է պարապում, և՛ հարստություն է ձեռք բերում, և՛ անուն, և՛ պատիվ։ Մեքենայագետի չափ նա անկախ և ինքնիշխան է. գյուղատնտեսի չափ՝ ապահովված առողջության կողմից, և երկուսի չափ էլ ազատ զրպարտություններից, անվանարկությունից և կաշառելու ու կաշառվելու երկյուղից։ Եկամուտի մասին էլ խոսել ավելորդ է։ Ո՛չ հարկավոր է նրան երկաթուղու վարչության, կամ գործարանատիրոջ բարեհաճությունը հայցել պաշտոն ստանալու համար և ո՛չ դրամագլուխ դնել՝ այգիներ ու ոչխարներ գնելու համար, որոնց շատ անգամ ոչնչացնում են կարկուտն ու ժանտախտը։

Բժշկին ամեն տեղ էլ կարիք ունին. հիվանդությունները նրանց գործակատարներն են, որոնք մարդկերանց հետ